Հունիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում նշվեց Կաթնապուրի տոնը կամ Ծաղկետոնը, այն Համբարձման տոներից է և խորհրդանշում է գյուղացիների աշխատանքների ավարտը։
Գյուղացիները այս տոնը նշում են հունիս ամսվա առաջին կիրակի օրը։ Տոնի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից։ Այդ օրը կազմակերպում են զբոսանք եւ վիճակախաղ, ուխտագնացություն գյուղի սուրբ սարը՝ Թեվադորոս մատուռ: Տոնի նախորդ կիրակին գյուղի ազապները՝ աղջիկ-տղա դաշտերից յոթ գույնի ծաղիկներ են հավաքել, որոնցից փնջեր են կապել և բաժանել գյուղի բնակիչներին ու իրենց սիրելիներին, դրանցից ամենամեծը եղել է խաչաձեւ եւ կոչվել է Ծաղկամեր: Այն ծաղիկների բաժանումից հետո հանձնել են եկեղեցուն:
Այսօրվա կազմակերպված միջոցառումը շատ տոնական էր, երգեցին ու պարեցին ոչ միայն գյուղացիները, այլ նաև տարբեր տեղերից ժամանած հյուրեր, իսկ լարախաղացը զվարճացրեց երեխաներին:
Բարձր դասարանցիները կազմակերպել էին նաև ակցիա ՛՛Մաքուր միջավայրը առողջ ապրելակերպի սկիզբն է՛՛ կարգախոսով։