Վրաստանում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները: Մինչ այժմ ողջ երկրում արդեն պատվաստվել է 130 հազար քաղաքացի։ Իմունիզացումն անվճար է բոլոր քաղաքացիների համար և իրականացվում է Abbott Biologicals B.V.-ի արտադրած չորս բաղադրիչ պատվաստանյութով, որը առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից է։ Պատվաստումը հնարավոր է 6 ամսականից, պատվաստման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Էկա Ադամիայի խոսքով՝ գրիպի վիրուսը շրջանառվում է ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում։ Նրա խոսքով, այս սեզոնին Վրաստանում տարածված են գրիպի A և B վիրուսները, ինչպես նաև այլ վիրուսներ, այդ թվում՝ ռինովիրուս և ադենովիրուս։
«Վիրուսները կանխելու համար հատկապես կարևոր է ձեռքերը լվանալը, ինչպես նաև դրանք ախտահանող լուծույթով մշակելը, մարդաշատ վայրերում դիմակներ օգտագործելը, սենյակը հաճախակի օդափոխելը, և ամենակարևոր միջոցներից մեկը պատվաստումն է, որը ամենաանվտանգ և ամենաարդյունավետ միջոցն է գրիպի դեմ»,- ասաց Էկա Ադամիան։
Հատկապես կարևոր է ռիսկային խմբերի՝ տարեցների, հղիների, փոքր երեխաների և քրոնիկական հիվանդություններ ունեցողների տարեկան պատվաստումը։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։