Առաջին տպագրված գիրքն ու ոչ վերջինը, Սոնյա Սանամյանի պատմությունը

Առաջին տպագրված գիրքն ու ոչ վերջինը, Սոնյա Սանամյանի պատմությունը

Սոնյա Ստեփանի Սանամյանը ծնվել է 1958 թվականի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, աշախատավորի ընտանիքում:

1965 թվականին հաճախել է Հեշտիայի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Միջնակարգն ավարտելուց հետո, ընդունվել և սովորել է Լենինական քաղաքի (այժմ Գյումրի) Հացիկի գյուղատնտեսական տեխնիկումում։

Ավարտել է կարմիր դիպլոմով , այնուհետև աշխատել է հարազատ ծննդվայրի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես բանվորուհի։ Ամուսնացած է, ունի չորս երեխա՝ երկու դուստր, երկու որդի և 10 թոռ։ 1970-ական թվականներից սկսել է թղթակցել «Արշալույս» թերթի խմբագրությանը և հաճախակիորեն են տպագրվել Սոնյա Սանամյանի նյութերը։ Այս ընթացքում սկսել է գրել բանաստեղծություններ։

Սոնյան NOR-ի հետ զրույցում նշեց, որ ունեցել է վաղեմի երազանք, որպեսզի տպագրվեն իր բանաստեղծությունները, սակայն չի կարողացել տպագրել։ Չնայած դրան՝ նա շարունակում է գրել։ 1983 թվականին բանաստեղծուհին գրում է իր վերջին բանաստեղծությունը, որից հետո 36 տարի դադարում է գրել բանաստեղծություններ և թղթակցել «Արշալույս» թերթին։

«Կարծես հարաժարվել էի թուղթ ու գրիչից։ Սակայն երբ մի օր ձեռքս վերցրեցի մեքենագրված բանաստեղծություններս, ինքս ինձ մտածեցի, եթե ես սրանք մի բան չանեմ, գուցեև հետագայում վառվեն։ Մտածեցի ինչ անել, վերցրեցի գրածս բանաստեղծությունները և դիմեցի խմբագրություն»։

Այնուհետև Սոնյա Սանամյանը դիմում է Հեշտիա գյուղի բնակիչ Հովհաննես Մարիկյանին, ով նույնպես բանաստեղծ է և ունի բազում գրքեր։ Դիմում է նրան՝ ասելով. «Պարոն Մարիկյան, եթե ինչ-որ պիտանի բան կա այս գրվածքնեի մեջ և հնարավոր է գիրք տպել, խնդրում եմ խմբագրեք»։

Մարիկյանի խմբագրումից հետո մնում են ֆինանսական հարցերը լուծել, որին օգնում է համագյուղացի Գարիկ Զոբյանը։ Նա ֆինանսավորում է Սոնյա Սանամյանի առաջին գրքի տպագրությանը, և լույս է տեսնում վերջինիս «Անցյալն իրոք հուշ է» բանաստեղծությունների ժողովածուն։ Զետեղված բանաստեղծություններում նրա անսահման սերն է իր ծննդավայրի և զավակների նկատմամբ, նվիրվածությունն ու հավատի զգացումը սիրելի ամուսնու, անկաշառ ու հոգնատանջ մոր հանդեպ։

Սոնյա Սանամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ունի բազում գրած բանաստեղծություններ, որոնք ևս կցանկանար տպագրել, սակայն այս ամենը կապված է մեծ ֆինանսների հետ և խնդիրներից ելնելով չի կարողանում տպագրել։

Radio NOR · Sonya Sanamyan.MP3