Ակտիվ գործունեություն վարող մի շարք կանայք խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից

Ակտիվ գործունեություն վարող մի շարք կանայք խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից

Այսօր Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում կազմակերպվել էր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին մունիցիպալիտետի ակտիվ գործունեություն վարող կանայք՝ դպրոցի տնօրեններ, վարսահարդարներ, բուժքույրեր և այլ ոլորտի ներկայացուցիչներ։ Այսպիսի միջոցառում կազմակերպվում է ամեն տարի։

Միջոցառմանը ներկա էին և իրենց ողջույնի խոսքը ասացին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի Կրթության, գիտության և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։

«Այն հիմնական երևույթները, ինչպիսիք են կրթությունը, բժշկությունը, դաստիարակությունը, ձեր ձեռքում է, սիրելի՛ կանայք և դա մեզ առիթ է տալիս, որ մտածենք, ունենալով ձեզ , մենք պետք է արժանին մատուցենք ձեզ , քանի որ մեր երեխաների ապագան կախված է ձեզանից։ Ես ուրախ եմ ձեր հաջողություններով, ինչպես նաև սպասում եմ ձեր կողմից բազում նոր հաջողությունների»,- իր խոսքում նշեց Լևոն Վարդանյանը։

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը դիմելով ներկաներին ասաց.

«Հասարակության համար ձեր կատարած գործնեությունը մեծ արժեք ունի, քանի որ դուք մեծ աշխատանք եք վերցրել ձեր ուսերին, այնուհանդերձ պահել եք ձեր կանացիությունը, շնորհակալություն ձեզ»։

Միջոցառման ընթացքում ներկաները խոսեցին կանանց հաջողությունների, խնդիրների մասին, քննարկվեցին այն հարցերը, որոնք հուզում էին ներկա գտնվող կանանց։ Նրանցից ոմանք նշեցին Կաթնատու գյուղի դպրոցի խնդրի մասին, ինչպես նաև մեծ Գոնդուրայի դպրոցի տանիքի մասին։

«Քանի որ մունիցիպալ բյուջեն չունի համապատասխան դեր այս գործում և ամբողջ պատասխանատվությունը նախարարությունն է կրում, մենք այս հարցով չենք կարող օգնել, սակայն մեր ուժի ներածին չափով կկարողանանք օգնել»,- ասաց Լևոն Վարդանյանը։

Միջոցառման վերջում քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն և ներկաներին հանձնվեցին նվերներ։