Երբ թեկուզ մի երեխա քո շնորհիվ մոտիվացված չէ լավ սովորել, դա ահավոր ընկճում է և տապալում որպես ուսուցիչ․ Սվետլանա Սիմոնյան

Երբ  թեկուզ մի երեխա քո շնորհիվ մոտիվացված չէ լավ սովորել, դա ահավոր ընկճում է և տապալում որպես ուսուցիչ․ Սվետլանա Սիմոնյան
Սվետլանա Սիմոնյանը ծնվել է Ջավախքում 90-ականներին, որտեղ հետխորհրդային անցումային շրջանում սոցիալ-տնտեսական դժվարություններն ու խնդիրները ամենօրյա իրականություն էին, երբ ծայրահեղ դժվար էր ապրելը: Չնայած այս ամենին՝ այդ սերունդը լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեցել է։

Հավանաբար դրա պատճառն էլ այն էր, որ կարդալուց և սովորելուց զատ այլ զբաղմունք չեն ունեցել։ Սովորելն ու կարդալը եղել են կարևոր գործիքներ, որոնք հնարավորություն են տվել սերնդին զարգանալու։ Իսկ երբ շրջապատող աշխարհը դժվար էր, ու արտաքին տարբեր հնարավորություները սահմանափակված էին, կրթությունը կարող էր լինել միակ փախուստը՝ առաջարկելով ոչ միայն գիտելիք, այլև միաձուլվելու հնարավորություն այլ աշխարհների հետ։

Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն Սվետլանային, այլ նաև այն երիտասարդներին, ովքեր դպրոցում կամ համալսարանում կրթություն էին ստանում, քանի որ նրանց համար չկար շատ այլ զբաղմունքներ՝ համեմատած այսօրվա ժամանակների հետ։ Կարդալն ու սովորելը դարձան նրանց համար կարևոր միջոցներ դեպի մշակութային և սոցիալական զարգացում։

Սվետլանա Սիմոնյանը նախնական կրթությունը ստացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի դպրոցում` ապա կրթությունը շարունակել է Թբիլիսիի թիվ 104 դպրոցում, այնուհետև բարձրագույն կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում ։

«Դպրոցական տարիներին երազում էի դառնալ բանաստեղծուհի, բայց բնատուր տաղանդ հավանաբար չունեի, ու ինչպես ասում են յուրաքանչյուր անհաջող բանաստեղծ ի վերջո գրաքննադատ է դառնում և հետևաբար մագիստրատուրայում ընտրել եմ հենց գրաքննադատության ամբիոնը»-մեզ հետ զրույցում նշեց Սվետլանան։

Սվետլանան համալսարանական տարիներին երբեք չի մտածել, որ աշխատելու է դպրոցում, որովհետև մտածել է որ չի կարողանալու աշխատել ու լեզու գտնել երեխաների հետ, բայց մագիստրատուրայում սովորելու տարիներին Սիմոնյանին մի դպրոցում առաջարկել են երկու շաբաթով փոխարինել հայոց լեզվի ուսուցչին, մեծ երկյուղով բայց հույսով, որ երկու շաբաթը այնքան էլ մեծ ժամկետ չէ փորձության համար Սվետլանան համաձայնում է և այդ երկու շաբաթն էլ լինում է պատճառ և ուսուցչին մղում դպրոցներում աշխատանք փնտրելու մոլուցքին։

Որ դպրոցում փոխարինողի կարիք է լինում դիմում են Սվետլանային և այդպես շարունակ մեկ տարի։ Արդեն համալսարանն ավարտելուց հետո մշտական աշխատանքի է անցնում հայրենի գյուղի դպրոցում և մինչ օրս սիրով աշխատում է։

Մեր այն հարցին, թե արդյոք մանկավարժի աշխատանքը չգնահատված ու անշնորհակալ գործ է, Սվետլանան պատասխանեց. «Չեմ կիսում այդ կարծիքը մեր աշխատանքի մեջ, շատ էմոցիաներ և սեր կա, և’ գնահատվում ես , և’ սիրվում ես, եթե ոչ հասարակության ու ծնողի կողմից , ապա աշակերտները անշահախնդիր և պարտադիր քո տված ջերմության ու սիրո դիմաց անգամ տասնապատիկը անպայման վերադարձնում է»։

Այս ուսումնական տարվա սկզբին Սվետլանան որոշում է, որ պիտի աշխատի նաև մայրաքաղաքի դպրոցում, մոտիվացիան լինում է այն, որ նա պիտի աշխատեր այն դպրոցում, որտեղ ավարտել էր, ունի շատ հիշողություններ կապված տվյալ կրթօջախի հետ։

«Մայրաքաղաքում հայկական դպրոց ունենալու և այդ դպրոցում աշխատելու միտքը շատ գայթակղիչ է, որովհետեւ մեծ հպարտություն է գտնվել մի տեղ , որտեղ շատ հայ երեխաներ հայեցի կրթություն ստանալու հնարավորություն ունեն. Դա մի ուրիշ զգացողություն է, մեծագույն սիրով եմ գնում 104 դպրոց »-նշեց Սվետլանան։

Այսօր Թբիլիսիում հայ երեխաները, որոնք ընտրում են հայկական դպրոցում կրթություն ստանալ, հաճախ ստիպված են լինում անցնել մեծ ճանապարհ՝ անկախ նրանից, որ նրանց բնակության վայրին ավելի մոտ այլընտրանքային դպրոցներ կան։ Բայց այս մեծ ջանքերն ու ճանապարհորդությունը, բնականաբար, չեն խանգարում նրանց, որովհետև նրանք գիտեն, թե ինչու են ընտրել հենց հայկական դպրոցը։

Հայկական դպրոցները Թբիլիսիում և այլ տարածքներում կարևոր դեր ունեն հայ ժողովրդի մշակույթի պահպանման և փոխանցման գործում։ Դրանք ապահովում են ոչ միայն կրթություն, այլ նաև լեզվաբառարան, ազգային ինքնագիտակցության ձևավորում և հայ մշակույթի արժեքների փոխանցում։

Շատ երեխաներ գիտակցում են, որ հայկական դպրոցը նրանց հնարավորություն է տալիս միանալ իրենց պատմությանը, լեզվին և ավանդույթներին, որոնք նրանց համար ունեն մեծ արժեք։

Շաբաթական երկու անգամ Սվետլանան կտրում է հարյուրավոր կիլոմետրեր և չի զլանում, որովհետև գիտի ուր և ինչու է գնում։

Այսօրվա կրթական մակարդակը Սիմոնյանին այդքան էլ չի գոհացնում, բայց նշում է. « Այս սերունդը շատ կարող և հնարամիտ սերունդ է, չնայած որոշ բացասական հանգամանքներին , նրանք գիտեն ճիշտ կրթություն ստանալու ուղին, իսկ մենք ուսուցիչներս այդ ճիշտ ուղին ցուց տալու համար ենք, որովհետև տեխնիկայի այս ժամանակաշրջանում այլևս միայն գիտելիքով երեխային չես կարող զարմացնել։ Հարյուրավոր կիլոմետրերը հաղթահարելի են, երբ նպատակներն արդարացված են, դա ամենափոքր դժվարությունն է, որ թերևս պրակտիկայում կարելի է հաղթահարել, իրականում հոգեբանական պահն ավելի խոցելի է, երբ զգում ես, որ թեկուզ մի երեխա քո շնորհիվ մոտիվացված չէ լավ սովորել, դա ահավոր ընկճում է և տապալում որպես ուսուցիչ և մնացած բոլոր բարդությունները , որոնք ունես ֆիզիկապես ոչինչ են թվում և դու կենտրոնանում ես միայն երեխայի մոտիվացյաի և զարգացման վրա»։