Հեղինակ՝ Ռիմա Մարանգոզյան
«Ներկայիս կառավարությունը հստակ և բացահայտ անտեսում է Վրաստանի Սահմանադրությունը և երկրի եվրաինտեգրման ուղին»,- ասում է «Ալիք Մեդիա»-ի լրագրող Էդիկ Քամալյանը։ Նա կիսվել է «Ռուսական օրենքի» ընդունման և դրա հետևանքների վերաբերյալ իր տեսլականով։
«Վրաստանում ժողովրդավարական զարգացման գործընթացները և եվրաինտեգրման հեռանկարը ուղղակիորեն վտանգի տակ են. դրա ամենատեսանելի օրինակներից մեկը «ռուսական օրենքի» ընդունումն է»,- բացատրում է Էդիկ Քամալյանը:
Քամալյանը նշում է, որ «ռուսական օրենքը», որի առաջնային նպատակը հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին վերահսկելն էր, ուղղակիորեն հակասում է Վրաստանի սահմանադրությանը։
«Այս օրենքը լրջորեն վնասում է քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցների ազատությանը, ինչը չափազանց կարևոր է Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար։ Այն ծառայում է ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը, այլև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատության սահմանափակմանը»,- ասում է նա։
Օրենքի ենթատեքստը և ազդեցությունը
«Ռուսական օրենքը նախատեսում է այն կազմակերպությունների և անձանց գրանցումը, որոնք ֆինանսավորվում են դրսից։ Սա մեխանիզմ է, որն առաջին անգամ է ներդրվել Ռուսաստանում՝ քննադատական ձայները ճնշելու համար»,- ասում է Քամալյանը։
Նրա խոսքով, նման օրենքի ընդունումն ուղղակի վտանգ է ներկայացնում այն հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որոնք աշխատում են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ.
«Էթնիկ փոքրամասնություններ, հաշմանդամներ, բռնության զոհ դարձած կանայք և երեխաներ. այս խմբերը կախված են միջազգային դոնորների և տեղական կազմակերպությունների աջակցությունից»:
Քամալիանը ընդգծում է, որ օրենքի ընդունումն ակնհայտորեն հանդիսանում է Վրաստանի ներկայիս կառավարության վարած հակաարևմտյան քաղաքականության մի մասը.
«Հակարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության տարածումը չի դադարել։ Այս ֆոնին Վրաստանում խորացել է քաղաքական ճգնաժամը, որն արտահայտվում է հասարակության բևեռացվածությամբ»։
Հասարակական բողոք և ժողովրդավարական պայքար
Քամալյանն ընդգծում է, որ «ռուսական օրենքի» ընդունումը հասարակության մեջ բողոքի ալիք է առաջացրել.
«Չնայած կառավարության անտեսմանը, վրաց ժողովուրդը ցույց է տալիս, որ իր համար առաջնահերթություն է ժողովրդավարական արժեքները և եվրոպական ինտեգրումը։ Մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիան դրա վառ օրինակն է»։
Նրա խոսքով, այսօրվա իրականությունը Վրաստանի պատմության կարևորագույն ճակատամարտերից մեկն էԴա պարզապես պայքար չէ օրենքի դեմ, դա պայքար է հանուն ժողովրդավարության, ազատության և մեր երկրի եվրոպական ապագայի»:
որն է լուծումը
Քամաալյանի խոսքով՝ ներկայիս ճգնաժամի լուծումը նոր, ազատ, արդար ընտրությունների անցկացումն է։
«Գործող իշխանությունը լեգիտիմ չէ։ Նոր ընտրությունները միակ ճանապարհն են, որով Վրաստանի ժողովուրդը կկարողանա արտահայտել իր կամքը և շարունակել երկրի ժողովրդավարական զարգացումը»,- ասում է նա։
«Ես հավատում եմ, որ վրաց ժողովուրդը կհաղթի այս ճակատամարտում»,- եզրափակում է Քամալյանը։
Նրա գնահատմամբ, չնայած առկա մարտահրավերներին, վրացական հասարակության մեջ դեռևս ուժեղ են ժողովրդավարական և արևմտամետ միտումները, ինչը հույսի շող է թողնում Վրաստանի եվրոպական ապագայի համար։