Նինոծմինդայից 16-ամյա Սոս Ամիրխանյանը դեռ երկու տարի առաջ է սկսել հետաքրքրվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծմամբ և կառուցմամբ։ Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն հասցրել է ստեղծել մի շարք նախատիպեր՝ մանրակրկիտ ուսումնասիրելով դրանց կառուցվածքը և գործարկման սկզբունքները։
Սոսը ծնվել է Նինոծմինդայում։ Սովորել է Նինոծմինդայի թիվ 2 ռուսական դպրոցը։ Սակայն 9-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից և մեկնել Թբիլիսի, որտեղ էլ 5 ամիս սովորել և ձեռք է բերել ավտոդիագնոստիկայի հմտությունները։ Այնուհետև տեղափոխվել է Ախալցիխե «Օպիզարի» քոլեջ, որտեղ էլ այժմ սովորում է ավտոմեխանիկա բաժնում։ Ներկայումս էլ Ախալքալաքում մասնակցում է պրակտիկայի` փորձառու մասնագետի մոտ։ Այս տարի` 2024-ի մարտ ամսից, Նինոծմինդայի Ժվանիայի անվան դպրոցում անցել է վրացերեն լեզվի իմացության A2 կուրսը և արդեն բավականին տիրապետում է պետական լեզվին։
Սոսի հետաքրքրությունը տեխնոլոգիաների հանդեպ ծնվել է փոքր տարիքից և նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը օգնել են կարճ ժամանակում ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։ Վերջին երկու տարիների ընթացքում նա ոչ միայն գծագրել է ԱԹՍ-ների նոր մոդելներ, այլև անձամբ դրանք հավաքել և հաջողությամբ փորձարկել է օդում։
Սոսի ստեղծած նախատիպերը տարբերվում են մեկը մյուսից իրենց մոտեցմամբ և տեխնիկական առանձնահատկություններով։ Նա մշտապես ուսումնասիրում է նոր տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանա կատարելագործել իր սարքերը և դրանց գործառույթները։
Սոս Ամիրխանյանը 2024-ին նախագծել և կառուցել է ամենամեծ ԱԹՍ-ն, որը մոտ օրերս փորձնական նպատակով օդ կբարձրանա։ Այն կշռում է 7 կիլոգրամ։
ԱԹՍ-ների նախագծումը և կառուցումը ծախսատար է, այն պահանջում է մանրակրկիտ և ճշգրիտ հաշվարկներ։ Սոսը նշում է, որ ԱԹՍ-ների համար դեֆիցիտ սարքավորումները, որոնք չկան Վրաստանում, ինքը դրանք պատվիրում է Եվրոպայից, Չինաստանից ու Ռուսաստանից։
Այսօր Սոս Ամիրխանյանը մեծ նպատակներ ունի՝ շարունակել զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ հնարավորինս կատարելագործելով ԱԹՍ-ների տեխնոլոգիան և ապագայում դրանք ներկայացնել պետությանը և օգուտ բերել երկրին։
Բացի ԱԹՍ-ներ կառուցելուց և ավտոէլեկտրոնիկայի հմտությունները ուսումնասիրելուց` Սոսը ունի նաև այլ հոբիներ, հավաքում է մեծ բարդության խճանկարներ (փազլներ), որոնց օրինակները փակցված են իր իսկ ավտոտնակի պատերին։ Երիտասարդը նաև նվագում է կիթառ։
Սոս Ամիրխանյանը նվագում է կիթառ, ստորեւ առաջարկում ենք լսել հատված.
Սոս Ամիրխանյանի փազլների հավաքածուն.
Տաղանդավոր երիտասարդին մեծ աջակցուցություն է ցուցաբերում իր հայրիկը` Արմեն Ամիրխանյանը, ով կարևոր խորհուրդներով մշտապես որդու կողքին է։
Մանրամասները` տեսանյութում.
Սոսի հաջողությունները կարող են ոգեշնչել ոչ միայն իր հասակակիցներին, այլև շատ այլ երիտասարդների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց տեխնոլոգիական կարողությունները և ստեղծել նորարարական լուծումներ։