Ռուսական օրենքը Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և տարածաշրջանային կայունության համար վտանգ

Ռուսական օրենքը Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և տարածաշրջանային կայունության համար վտանգ

Автор Рима Марангозян.

Վրաստանի վերջերս ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը» ոչ միայն սահմանափակում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, այլև էականորեն ազդում է էթնիկ փոքրամասնությունների կյանքի որակի և քաղաքական մասնակցության վրա:


«Ռուսական» օրենքի բովանդակությունը հատկանշական է հատկապես էթնիկ փոքրամասնությունների համար, որոնց կենսական իրավունքներն ու մասնակցության հնարավորությունները արդեն իսկ սահմանափակված են Վրատանում: Այս օրենքը, որն առաջ է մղվում որպես միջոց «արտաքին ուժերի ազդեցությունը» զսպելու համար, իր բովանդակությամբ և ազդեցությամբ համեմատվում է ռուսական «օտարերկրյա գործակալների» օրենքի հետ։

Հերմինե Վիրաբյանը՝ ֆրիլանս լրագրող, ով երեք տարի ապրում է Վրաստանում, մանրամասն բացատրում է օրենքի հետևանքները հատկապես Ջավախքի հայ համայնքի վրա: Նրա խոսքով, էթնիկ հայերը, որոնք հիմնականում ապրում են Վրաստանի հարավային շրջանում, զրկված են բազմաթիվ հնարավորություններից՝ սկսած հիմնական քաղաքացիական իրավունքներից մինչև քաղաքական ինտեգրում:

«Ջավախքի հայ համայնքն արդեն տասնամյակներ շարունակ գտնվում է քաղաքական մարգինալիզացիայի մեջ։ Պետությունը չի ապահովում նրանց համար անհրաժեշտ հնարավորությունները, ինչի արդյունքում համայնքը հաճախ դառնում է քաղաքական էլիտաների շահերի գործիք»,- նշում է Վիրաբյանը։

Այս օրենքը խիստ վտանգավոր է ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք հաճախ միակ օղակն են, որ աջակցում են Ջավախքի հայ համայնքին և այլ փոքրամասնություններին: Այդ կազմակերպությունների գործունեությունը սահմանափակվում է, ինչը նշանակում է, որ համայնքը կարող է կորցնել իրենց համար կենսական նշանակություն ունեցող վերջին աջակցությունը:

Օրենքի նախաձեռնողները պնդում են, թե այն ուղղված է «արտաքին ուժերի թափանցիկությանը», սակայն Վիրաբյանը ընդգծում է դրա երկդիմի բնույթը. «Ի՞նչ թափանցիկության մասին է խոսքը, երբ հենց նույն ռուսական ազդեցությունը համարվում է օրինական և նույնիսկ պաշտպանվում է պետության կողմից: Ի՞նչ թափանցիկության մասին կարող է խոսել մի կուսակցություն, որի մի ամբողջ կառույց անթափանցիկ, կոռումպացված համակարգ է: Սա ընդամենը մանիպուլատիվ հնարք է` վերահսկողությունն ամրապնդելու համար»:

Վիրաբյանի խոսքով, օրենքի շուրջ առաջացած իրարանցումը ուժեղացնում է արդեն իսկ առկա լարվածությունը էթնիկ փոքրամասնությունների շրջանում․ հատկապես ուշադրության արժանացավ այն փաստը, որ Նինոծմինդայից ընտրությունների արդյունքում ստացած ձայների 90%-ը տրվել էր կառավարությանը, ինչը առաջ բերեց մեծ արձագանք վրացական հանրության կողմից։ «Այսօր էթնիկ փոքրամասնությունները դիտարկվում են որպես վտանգ, ինչը խթանում է էթնիկական ատելությունը»,- ասում է նա։

Բացի ներքին խնդիրներից, օրենքը նաև մեծ ազդեցություն է թողնում Հարավային Կովկասի ընդհանուր քաղաքական և հասարակական դաշտի վրա։ Վիրաբյանը շեշտում է, որ նման մոտեցումները խորացնում են տարածաշրջանի խնդիրները՝ խթանելով արտագաղթը, տնտեսական հետընթացը և ռուսական ազդեցության ամրապնդումը։

Այսօր Վրաստանի հասարակությունն առերեսվում է բռնապետության ռիսկին։ Օրենքի գործողության մեջ մտնելուց հետո, ինչպես Վիրաբյանն է նշում, հանրությունը կանգնած է առավել մեծ վերահսկողության և սահմանափակումների առջև։

«Այս օրենքը ոչ միայն չի կանխում արտաքին ուժերի ազդեցությունը, այլև խորացնում է այն: Այն սպառնում է թե՛ Վրաստանի ժողովրդավարությանը, թե՛ ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- եզրափակում է Վիրաբյանը։