Չնայած նրան, որ բազմաթիվ անգամ ասֆալտապատվել և փոսալցումներ են կատարվել Նինոծմինդայից Սաթխա տանող խաչմերուկում՝ Կարլ Մարքսի փողոցում, սակայն ճանապարհների հարցը կրկին մնում է խնդրահարույց։ Ճանապարհին գտնվում են մեծ փոսեր։
Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհի` Ազատություն-Հովսեփյան խաչմերուկում, ինչպես նաև կենտրոնական ճանապարհից դեպի Կարլ Մարքսի փողոց թեքվող ճանապարհահատվածում, Ազատության փողոցի այլ հատվածներում, այդ թվում Նորաշեն տանող ճանապարհահատվածում կրկին փոսեր են գոյացել, վերադարձնելով ճանապարհահատվածները նախկին անմխիթար տեսքին և խաթարելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Սա խնդիր է առաջացնում վարորդների համար, որն էլ իր հերթին վթարային իրավիճակ է ստեղծում։
Հարկ է նշել, որ 2024 թվականի մայիս ամսից պարբերաբար կատարվել են վերոնշյալ ճանապարհահատվածների փոսալցման աշխատանքներ։
Քանի որ ավտոճանապարհների դեպարտամենտի հսկողության տակ է գտնվում կենտրոնական ճանապարհների պատասխանատվությունը և վերահսկողությունը, NOR ռադիոկայանը հեռախոսազրույց ունեցավ նրանց հետ՝ ճշտելով, թե արդյոք տեղյակ են Նինոծմինդա քաղաքի կենտրոնկան ճանապարհների վատ վիճակի մասին։
Մեզ այնտեղից հայտնեցին, որ կդիմեն ավտոճանապարհների պատասխանատուներին, ովքեր իրենց հերթին կդիմեն շահառուներին, որոնք էլ կգան և տեղում կդիտեն տարածքը ու ըստ այդմ էլ կկատարվեն աշխատանքներ։
Մեր այն հարցին, այժմ նածատեսված են աշխատանքներ, թե ոչ, մեզ պատասխանեցին, որ եթե կատարվեն աշխատանքներ այս սեզոնին, ապա միայն կլինեն փոսալցումներ, իսկ մնացած աշխատանքները կիրականացվեն եղանակային պայմանների տաքանալուն պես։
NOR-ի տեղեկություններով՝ քաղաքի մուտքից (Ախալքալաքի կողմից) մինչև Սաթխայի խաչմերուկ փոսային աշխատանքներն իրականացրել է «Ջավախավտոգզա» ընկերությունը, իսկ Սաթխայի խաչմերուկից մինչև Հայաստանի սահմանը՝ «Արալի» ընկերությունը։