Նշենք, որ Գարիկի տատիկը Վիոլետա Բդոյանն է։ Նինոծմինդա քաղաքից։
ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում:
Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Գարիկ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի և նվաճել Հայաստանի՝ պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Մելքոնյանը մրցավայր է մեկնել մարզիչ Թադևոս Պողոսյանի հետ: Նախքան մրցաշարը նրանք մասնակցել են Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին, ինչպես նաև մարզիչների ուսուցման և վերապատրաստման դասընթացին՝ նորվեգացի և իտալացի լավագույն մասնագետների առաջնորդությամբ։