Օտարերկրյա թափանցիկության մասին օրինագիծը՝ որը Վրաստանի քաղաքական օրակարգում կրկին ակտիվ քննարկումների կենտրոնում է, սպառնում է ոչ միայն տեղական հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, այլև օտարերկրյա ուսանողների ու նրանց գործունեության հնարավորություններին: Հայաստանից Վրաստանում ապրող ու սովորող լրագրողները պատմում են, թե ինչպես է օրենքի նախագծի ազդեցությունը փոխել իրենց ակադեմիական և մասնագիտական կյանքը:
Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենտ» մագիստրոսական ծրագիրը հայտնի է իր միջազգային ուսանողների բազմազանությամբ: Սակայն «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կարող է ազդել ոչ միայն կրթական ծրագրերի, այլև դրանցում ներգրավված ուսանողների ու դասախոսների վրա:
Նարեկ Ալեքսանյան՝ GIPA-ի մագիստրոսական ծրագրի ուսանող, պատմում է, որ Վրաստան տեղափոխվելուն պես ականատես է եղել օրինագծի շուրջ ծավալվող բողոքի ցույցերին:
«Երբ տեղափոխվեցի Վրաստան 2023-ին, արդեն ցույցեր էին ընթանում այս օրենքի վերաբերյալ։ 2024-ին այն կրկին ներկայացվեց օրակարգում, ինչը մեզ ստիպեց մտածել, որ քանի որ մեր ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, մենք կարող ենք պիտակավորվել որպես «օտարերկրյա գործակալներ»»,- ասում է Նարեկը։
Նրա խոսքով, օրինագիծն ուղղակիորեն վտանգում է ոչ միայն անկախ լրատվամիջոցներին, այլև կրթական հաստատություններին:
«Վրաստանի ու Հայաստանի մեդիաներում իրավիճակը շատ նման է․ դժվար է պահպանել լրատվամիջոցը՝ առանց գրանտների։ Եթե այս օրենքը ընդունվի, մեդիաները ստիպված կլինեն ապավինել պետական դրամաշնորհներին, ինչը կսահմանափակի նրանց անկախությունը»,- նշում է Ալեքսանյանը:
Օրինագիծը հատկապես մտահոգիչ է նրանց համար, ովքեր օգտվում են միջազգային կրթաթոշակներից և ծրագրերից: Միլենա Բարսեղյանը, ևս GIPA-ի մագիստրոսական ծրագրի ուսանող, ընդգծում է օրինագծի ազդեցությունը կրթական միջավայրի վրա:
«Մեր կացության կրթաթոշակը տրամադրում է ԱՄՆ դեսպանատունը։ Եթե այս օրենքը ընդունվեր, մեր համալսարանը կարող էր հայտնվել հարվածի տակ։ Թեև մեզ համար վտանգը ժամանակավորապես կանխվեց, հաջորդ սերունդների համար այսպիսի հնարավորությունները մնում են անորոշ»,- ասում է Միլենան:
Գոհար Հայրապետյանը՝ լրագրող և քաղաքական մեկնաբան, ով նույնպես ուսանում է Թբիլիսիում, լուսաբանել է օրինագիծը ի սկզբանե մինչ օրս: Նրա կարծիքով այն վտանգավոր նախադեպ է ողջ տարածաշրջանի համար:
«Օրինագիծը միայն Վրաստանի հարցը չէ։ Տարածաշրջանային հարցերով զբաղվող շատ կազմակերպություններ հիմականում գործում են Վրաստանից։ Այս օրենքը կվնասի ողջ տարածաշրջանի լրագրողական համայնքին և հասարակական հատվածին»,- ասում է Գոհարը։
Օտարերկրյա թափանցիկության մասին օրինագիծը վտանգի տակ է դնում ոչ միայն Վրաստանի, այլև հարևան երկրների լրագրողական և ակադեմիական միջավայրը: Սա ավելի մեծ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչ ուղղությամբ է շարժվում տարածաշրջանը՝ խրախուսելով ազատ արտահայտվելու իրավունքը, թե սահմանափակելով այն: Ուսանողներն ու լրագրողները շարունակում են պայքարել՝ ցույց տալով, որ անկախությունը և թափանցիկությունը կարևորագույն արժեքներ են ցանկացած երկրում: