Նինոծմինդայում օդ բարձրացավ Սոս Ամիրխանյանի պատրաստած ամենամեծ անօդաչու թռչող սարքը

Նինոծմինդայում օդ բարձրացավ Սոս Ամիրխանյանի պատրաստած ամենամեծ անօդաչու թռչող սարքը

Նինոծմինդայից 16-ամյա Սոս Ամիրխանյանի անօդաչու թռչող սարքերի ամենամեծ մոդելը, որը կշռում է 7 կիլոգրամ, փորձարկվեց և հաջողությամբ օդ բարձրացավ։ Սոսին մեծ աջակցություն է ցուցաբերում իր հայրը` Արմեն Ամիրխանյանը, ով կարևոր խորհուրդներով մշտապես որդու կողքին է։

Հունվարի 16-ին Սոսը իր անօդաչու սարքը բաց տարածքից օդ բարձրացրեց։ Անօդաչուն օդում կատարեց մի քանի պտույտ, որից հետո Սոսը վերադարձրեց ձյան վրա։ Սոսի հայրը նշեց, որ նրանք արդյունքից շատ գոհ են, թռիչքը հաջողակ էր, կարելի է ասել այս մոդելը իր առաքելությունը կատարեց։

NOR ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Ամիրխանյանը ասաց․ «Սարքի օդում գտնվելու ամեն վայրկյանը երջանիկ պահ էր, քանի որ ես նույնպես տեսել եմ նրա ամիսներ տևած դժվարությունները, ես նրա կողքը չկանգնել ուղղակի չէի կարող։ Մինչև սարքը պատրաստ եղավ, եղանակները վատթարացան ու ձյուն եկավ, փորձարկման խնդիր կար , պետք էր հարթ տարածք, որը մենք չունեինք։ Մեր տարբերակներից մեկն էր գնալ մի տաք շրջան , օրինակ Ծալկա։ Բայց որոշեցինք թռիչքուղին փոխարինել դահուկների։ Իհարկե դահուկները արդարացրին։ Սա լուրջ նպատակ և լուրջ մտադրություն էր, ես իմ աշխատանքը կփոխեմ, աշխատանքիս բնույթը կփոխեմ , բայց նրա կողքին կլինեմ այնքան ժամանակ, մինչև նա հասնի իր նպատակին»։

Արմեն Ամիրխանյանը նաև հավելեց, որ ցանկալի կլիներ, եթե տեղում ինչ-որ մի դպրոց լիներ, որպեսզի երիտասարդները կարողանային սովորել, բայց ցավոք այդպիսի մասնագետներ չունենք։ Եւ երիտասարդներին խորհուրդ է տալիս զբաղվել այն ամենով ինչը հետաքրքրում է իրենց։

«Ինչպես խոստացել էի անցած հարցազրույցում , որ ես կբարձրացնեմ այս սարքը երկինք, այսօր հենց այդ օրն էր՝ երկար սպասված օրը, բոլորը սպասում էին այս օրվան, ինչպես նաև ես մեծ անհամբերությամբ։ Ամեն ինչ հաջողակ էր, ինչպես պլանավորել էի, այդես էլ եղավ. ես ապագայում ավելի մեծ մոդել եմ սարքելու, ավելի կատարելագործված, ավելի եմ զարգացնելու իմ գործունեությունը, որպեսզի հասնեմ լավ արդյունքների», – նշեց Սոսը։

Մանրամասները տեսանյութում

ՖՈՏՈ

Նշենք, որ Սոսը ծնվել է Նինոծմինդայում։ Սովորել է Նինոծմինդայի թիվ 2 ռուսական դպրոցը։ Սակայն 9-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից և մեկնել Թբիլիսի, որտեղ էլ 5 ամիս սովորել և ձեռք է բերել ավտոդիագնոստիկայի հմտությունները։ Այնուհետև տեղափոխվել է Ախալցիխե «Օպիզարի» քոլեջ, որտեղ էլ այժմ սովորում է ավտոմեխանիկա բաժնում։ Ներկայումս էլ Ախալքալաքում մասնակցում է պրակտիկայի` փորձառու մասնագետի մոտ։ 2024 թվականի մարտ ամսից, Նինոծմինդայի Ժվանիայի անվան դպրոցում անցել է վրացերեն լեզվի իմացության A2 կուրսը և արդեն բավականին տիրապետում է պետական լեզվին։

Սոսի հետաքրքրությունը տեխնոլոգիաների հանդեպ ծնվել է փոքր տարիքից, և նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը օգնել են կարճ ժամանակում ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։ Վերջին երկու տարիների ընթացքում նա ոչ միայն գծագրել է ԱԹՍ-ների նոր մոդելներ, այլև անձամբ դրանք հավաքել և հաջողությամբ փորձարկել է օդում։

Այսօր Սոս Ամիրխանյանը մեծ նպատակներ ունի՝ շարունակել զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ հնարավորինս կատարելագործելով ԱԹՍ-ների տեխնոլոգիան և ապագայում դրանք ներկայացնել պետությանը և օգուտ բերել երկրին։

Ստորև կարդացեք նախորդ նյութերը հետևյալ հղմամբ։

Անօդաչու թռչող սարքերի 16-ամյա վարպետը Նինոծմինդայից