Դահուկներ, բնություն, որս. 73-ամյա Խորեն Ասլանյանի ամենօրյա ճանապարհը

Դահուկներ, բնություն, որս. 73-ամյա Խորեն Ասլանյանի ամենօրյա ճանապարհը

73-ամյա Խորեն Ասլանյանը՝ չնայած պատկառելի տարիքին, ամեն օր դահուկներով գնում է որսի։ Ինչպես ինքն է նշում, դա առողջ ապրելակերպ է։

Խորեն Ասլանյանին NOR-ի նկարահանող խումբը պատահականորեն նկատեց մեկ այլ նկարահանման ժամանակ:

Խորեն Ասլանյանը ծնվել է 1951 թվականին Նինոծմինդայում։ Հաճախել է տեղի թիվ 2 հանրային դպրոց։ Փոքր տարիքից հետաքրքրված է եղել դահուկով, դպրոցական տարիներից մասնակցել է մի շարք մրցումների։

Ինչպես նշում է 73-ամյա Խորեն Ասլանյանը, մանկուց հետաքրքրված է եղել որսով։

«Ինչը կապված է բնության հետ, սիրում եմ, զբաղվում եմ որսով, հրացանը գցում եմ ուսիս, հագնում դահուկները ու մոռանում եմ ամեն ինչի մասին։ Եթե եղանակը բարենպաստ լինի, մինչև 30 կիլոմետր որսի հետքով գնում եմ, որպեսզի որսամ: Օրինակ որսում եմ նապաստակ, որը գինու հետ շատ լավ համատեղվում է ու տղաներով հավաքվում, ուտում -խմում ենք»։

Նա նաև նշեց, որ առողջ մնալու գաղտնիքը ամեն օր դահուկներով սահելու և սպորտով զբաղվելու մեջ է։ Ունենալով բավականին պատկառելի տարիք՝ Խորենը չունի ոչ մի առողջական խնդիր։

Խորեն Ասլանյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս չխմել, չծխել, զբաղվել դահուկասահքով, ինչը շատ առողջարար է, քանի որ այս սպորտաձևը օգնում է մկանների ամրացմանը և կազդուրմանը։ «Սպորտը առողջություն է և բժշկություն»,- նշում է Խորեն Ասլանյանը։

Մանրամասները տեսանյութում․