Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թրամփի համար բարեկամ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է իր մասնակցությունը երդմնակալության արարողությանը, որին նա մասնակցել է Դոնալդ Թրամփ կրտսերի հրավերով:
Նա կրկնեց, որ փորձում է գրավել ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի առանցքային դեմքերի ուշադրությունը և նոր կապեր հաստատել։
«Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ, ընդհակառակը, մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը միշտ ցանկանում է առավելություն ունենալ։ Սա նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության և Ռուսաստանի մշտական նպատակն էր»,- ասել է նա։
Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանը սկսել է «նոր ռազմավարություն» կիրառել Վրաստանում, ինչպես Ռումինիայում և Մոլդովայում. նա անտեսում է ժողովրդավարությունը և այս երկրների Սահմանադրությունը և ընտրությունների միջոցով փորձում է իշխանության բերել իրեն հավատարիմ խամաճիկ ռեժիմներին։ Հինգերորդ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է արդեն 30 տարի։
«Ապագա <ԱՄՆ> վարչակազմի համար սա կլինի գլխավոր հարցը։ Ամերիկան Վրաստանի կողքին է եղել վերջին 30 տարում: Վրաստանը ամենամեծ օգնություն ստացողներից մեկն է, քանի որ այն ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ամերիկայի համար էներգետիկայի, առևտրի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի առումով: Սա մի երկիր է, որը համարվում էր ժողովրդավարության և ընդհանուր արժեքների հենասյուն։
Վրաստանը Հայաստանի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է։ Մենք ասում ենք՝ ամենահինն ենք, ասում են՝ իրենք են։ Բայց փաստն այն է, որ մենք ամենահին քրիստոնեական երկրներից երկուսն ենք, և դա մեզ ամուր կապում է միմյանց հետ։ Մեզ Ամերիկան է պետք: Բայց ես կարծում եմ, որ Ամերիկան նույնպես մեր կարիքն ունի»,- ասաց նա: Sovanews.tv