Այսօր՝ հունվարի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերսկսվել է մանկապարտեզների աշխատանքը։
Փորձեցինք պարզել արդյոք կլինեն փոփոխություններ մանկապարտեզների աշխատանքի ընթացքի մեջ մունիցիպալիտետում տարածված վիրուսային հիվանդությունների պատճառով։ Կապ հաստատեցինք և հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի միավորված մանկապարտեզների տնօրեն Ամալյա Մղդեսյանի հետ։
Ամալյա Մղդեսյանը հայտնեց, որ այժմ բոլոր մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը։ «Ներկա պահին փոփոխություններ չկան, մանկապարտեզները աշխատելու են բնականոն հունով։ Աշխատում ենք ամենայն զգուշությամբ, այսինքն հիվանդ երեխաներին ուղարկում ենք տուն, որպեսզի մնացածին չվարակեն, ինչպես նաև կապի մեջ ենք ծնողների հետ, որպեսզի երեխաներին հիվանդ վիճակում չուղարկեն մանկապարտեզ։ Այս կերպ սկսել ենք մեր աշխատանքը, իսկ թե հետո ինչպիսին կլինի ընթացքը, ժամանակը ցույց կտա»,- ասաց Ամալյա Մղդեսյանը։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ. դրանցից 2-ը՝ Նինոծմինդա քաղաքում, մնացածը՝ տարբեր գյուղերում։