Նինոծմինդայի մունիցիպալիտետում վառելիքի գները թանկացել են։ Տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են՝ պրեմիումի 1 լիտրն արժե 2,80- 3,00 լարի, ռեգուլյարը 2,72-2,84 լարի, եվրո դիզելը՝ 2,72- 3,00 լարի։ Դիզելային վառելիքի գները ևս տատանվում են՝ 2,72- 2,80 լարիի սահմաններում։
Բնակիչները նշում են, որ թոշակի բարձրացման հետ մեկտեղ ամեն ինչ թանկացավ։
«Ճիշտ է թոշակները մի քիչ բարձրացրին, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ թանկացավ՝ այդ թվում բենզինը։ Հիմա այն շրջանն է, որ մարդկանց մոտ փող էլ չկա։ Աշնանը ավելի թանկ էր, քանի որ տեխնիկաները ավելի շատ են աշխատում, քան հիմա, իսկ ամառվա սեզոնին տեխնիկայի ծախսը քչանում է, դրա հետ մեկտեղ վառելիքի գները նվազում են»,- ասում է բնակիչը։
«Երկու կոպեկ թոշակները բարձրացրել են, ամեն ինչ թանկացել է՝ սնունդը, ալյուրը, քանի որ սեփականատերերը շատ են։ Վառելիքը նույնպես անցած տարվա համեմատ թանկացել է՝ 2 լարիից դառնալով 3 լարի, պետություն գոյություն չունի»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Բնակիչների կարծիքը ավելի մանրամասն լսեք աուդիոնյութում․
Դիտել նաև տեսանյութը․
Հավելյալ տեղեկատվության համար նշենք, որ Platts լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ ամսվա ընթացքում Վրաստանում բենզինի գներն աճել են 5%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 2%-ով։ Մասնավորապես, Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, հոկտեմբերին բենզինի միջին թվաբանական գինը ըստ Platts-ի կազմել է 727,08 դոլար (սեպտեմբերին՝ 695,05 դոլար), իսկ եվրոյի դիզելինը` 674,64 դոլար (սեպտեմբերին՝ 663,71 դոլար)։
Այսպիսով, բենզինը թանկացել է 32,03 դոլարով, դիզելային վառելիքը՝ 10,93 դոլարով։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ մինչ այդ, ըստ Platts-ի, վառելիքի գները վերջին 4 ամիսների ընթացքում (ներառյալ սեպտեմբերը) նվազման միտում են ունեցել: