Ոսկե մեդալը հեշտ չի տրվել ինձ և ինքնանպատակ չի եղել. Լիլիթ Աղայանի պատմությունը

Ոսկե մեդալը հեշտ չի տրվել ինձ և ինքնանպատակ չի եղել. Լիլիթ Աղայանի պատմությունը

Ուսանող Լիլիթի խոսքով, Թբիլիսիի միտինգները, որոնք առ այսօր շարունակվում են, ազդել են դասերին, գրեթե ոչ ոք դասի չի գնացել, լսարանը անգամ դատարկ է եղել ու 1-2 ուսանող էր լինում։ Չնայած դրան, դասախոսները հնարավորինս փորձել են լրացնել բացթողումները։ Այժմ փոքր ինչ հանդարտ է, և դասերը իրենց բնականոն հունով են ընթանում։

Լիլիթ Աղայանը 19 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում։ Հաճախել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։ Լիլիթը 7-րդ դասարանից ցուցաբերել է գերազանց առաջադիմություն։ Մասնակցել է մի շարք օլիմպիադաների և ինտելեկտուալ մրցույթների, որոնք ակտիվացնում էին աշակերտների կյանքը։ Նա եղել է ոսկեմեդալակիր։ Ունեցել է մեծ ձգտումներ ոսկե մեդալ ձեռք բերելու համար։ Ամեն գնով Լիլիթը հասել է իր այդ նպատակին, որը սկզբում նրա համար միայն ցանկություն էր։

«Ոսկե մեդալը ես համարում եմ, որ 12 տարիների չարչարանքիս արդյունքն է։ Ես հիշում եմ ՝ եղել են օրեր, որ նույնիսկ գիշերները չեմ քնել՝ սովորել, պարապել եմ, կամ եթե չեմ հասցրել, առավոտ շուտ շարունակում էի տնային աշխատանքներս, որպեսզի կազմ ու պատրաստ ներկայանայի դասերին։ Մարդիկ կան, որ կողքից կարող են մտածել, թե ոսկե մեդալը մեծ ձեռքբերում չէ, բայց թեկուզ թող այն լինի փոքր ձեռքբերում, դա իմ համար ինչ-որ նպատակի հիմք է եղել։ Դուրս եմ եկել այդ 12 տարիներից և ասես տեղափոխվել եմ մեկ այլ իրականություն, հիմա երբ հետ եմ նայում՝ ուրախությամբ և հուշերով եմ լցվում, իսկ այն ժամանակ դա կարծես մղձավանջ էր թվում», -ասում է Լիլիթը։

Լիլիթը այժմ սովորում է Իլիա Ճավճավաձեի անվան Թբիլիսիի պետական համալսարանի առաջին կուրսում, վրաց բանասիրության բաժնում։ Նա վրացերեն լեզուն դպրոցական տարիներին լավ չէր յուրացնում, բայց հետզհետե սկսել է հետաքրքրվել վրաց լեզվով և ցանկություն է առաջացել շարունակել ուսումը այդ ուղղությամբ, այդ ժամանակ նա ծնողներին ասել է, որ ցանկանում է դառնալ վրաց լեզվի ուսուցչուհի։ Ծնողները մտածել են՝ երեխա է ուղղակի ցանկություն է արտահայտում։ Հետ չկանգնելով իր որոշումից՝ Լիլիթը ընտրել է այդ մասնագիտությունը։

«Կյանքում շատ կհանիպենք դժվարությունների, անգամ որ ցանկություն կառաջանա ամեն ինչ թողնել, բայց հավատացեք ամեն ինչ անցողիկ է։ Ես նույնպես հայտնվել եմ այդպիսի իրավիճակներում ու որոշել եմ վերջ տալ և չշարունակել ոչ մի բան, հատկապես ընդունելության քննությունների ժամանակ, բայց ընդունվեցի համալսարան և քայլ առ քայլ գնում եմ դեպի իմ նպատակը։ Ոչ ոք թող չհանձնվի, թող պայքարի և անպայման կհասնի իր նպատակներին։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, ովքեր միշտ իմ կողքին են, իմ բոլոր քայլերը խրախուսում են և ինձ հետ մեկտեղ ուրախանում են իմ հաջողություններով»,- հավելեց Լիլիթ Աղայանը։