Խնդիրներ, որոնք խոչընդոտում են Թորիա գյուղի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը

Խնդիրներ, որոնք խոչընդոտում են Թորիա գյուղի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը

Թորիա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է Նինոծմինդայից 12 կմ հյուսիս՝ Աբուլ լեռան արևմտյան կողմում։ Թորիան երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկի լանջին փռված է գյուղը։

Ինչպես Նինոծմինդայի մի շարք գյուղեր, Թորիան ևս ունի մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Հասարակական տրանսպորտի անգործունակ համակարգը, ոռոգման ջրի բացակայությունը, մշակութային կյանքի պակասը, մանկապարտեզի բացակայությունը, համայնքային խմբակների գործունեության պակասը, երիտասարդների շրջանում գործազրկությունը, կոյուղու համակարգի բացակայության խնդիրը, գյուղատնտեսական խնդիրները։ Այս ամենը դժվարացնում է գյուղացիների կյանքը։

NOR ռադիոկայանի լրագրողները Նինոծմինայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում հանդիպում էին կազմակերպել տեղի բնակիչների հետ, որին մասնակցեցին 10 մարդ։ Գյուղացիների խոսքով, թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ բախվում են մի շարք խնդիրների։

Գյուղում մեծ դժվարություն է առաջացնում կոյուղու համակարգի բացակայությունը, որի պատճառով կանանց համար կյանքը դժվարանում է․ «Այսօր գյուղում ամեն ընտանիք իր բարեկեցության համար, ինչու չէ, նաև կնոջ հոգսը թեթևացնելու համար ունի սանհանգույց, սակայն չունի կոյուղի, որը գյուղին վնասում է էկոլոգիապես, ես ինքս իմ տան տարածքում մեծ փոս եմ փորել և ամբողջ կոյուղաջրերը լցվում են տան տարածքում, մի մասն էլ բարձիթողի վիճակում է, մյուս մասը, որը չունի տարածք, ընդհանրապես չի կարողանում ունենալ սանհանգույց որն էլ իր հերթին շատացնում և դժվարեցնում է կնոջ հոգսը գյուղում։ Ի՞նչ անի գյուղացին այս դեպքում, գոնե մի մասը գյուղացիների ֆինանսավորմամբ, մյուս մասը պետության ֆինանսավորմամբ գյուղի համար կառուցվի կոյուղու համակարգ»։

Հարցվածներից մեկ այլ բնակիչ մեզ հետ զրույցում նշեց․

«Գյուղում չկա մշակութային կենտրոն, որը կարող է խթանել մշակույթի զարգացմանը, գոյություն չունեն խմբակներ. արվեստը ընդհանրապես կարելի է ասել մեռած է մեր գյուղում, նույնիսկ եթե առաջներում դպրոցում կազմակերպվում էր փոքրիկ միջոցառումներ, այժմ դա էլ չկա, վերացել է։ Երբ 2006 թվականին փակվեց գյուղի ակումբը, ամեն ինչ մատնվեց անուշադրության։ Ոչ ոք չի հետաքռքրվում գյուղի խնդրով , ունենք գյուղապետարան և քաղաքապետարան, որոնք էլ իրենց հերթին ունեն արվեստի բաժին, որոնք չեն հետաքրքրվում գյուղում արվեստ կա թե չկ, ինչ վիճակում է գտնվում այն, կարող են բացել խմբակներ։ Ունենք ձայնային լավ տվյալներ ունեցող երեխաներ, ասմունքող երեխաներ, ովքեր արվեստի բացակայության պատճառով հետզհետե հիասթափվում են և չեն կարողանում առաջ գնալ»,- ասաց տեղաբնակներից մեկը և տեղում մեծահասակը երիտասարդներից մեկին առաջարկեց կազմակերպել միջոցառում և ակտիվացնել գյուղում մշակույթն ու արվեստը, որոնք կկրեն շարունակական բնույթ։

Թորիա գյուղում առաջնահերթ խնդիր է նաև մանկապարտեզի բացակայությունը, որն էլ ազդում է տեղի երեխաների զարգացման ընթացքին։ Մանկապարտեզի բացակայության պատճառով մոտ 30 երեխաների ստիպված տեղափոխում ենք հարևան գյուղ, ինչը նույնպես խնդիր է մեզ՝ ծնողներիս համար, քանի որ մեր անձնական միջոցներով ենք երեխաներին տանում մանկապարտեզ,- ասաց բնակիչը։

Բնակիչները ցանկանում են, որ այս խնդրին տրվի լուծում, նույնիսկ առաջարկներ լսվեցին որ գյուղի դպրոցում կա տարածք առանձին մուտքով, որտեղ կարող են շատ հանգիստ կերպով բացել մանկապարտեզ։  

Հավաքված բնակիչների կողմից խոսվեց նաև գյուղում երիտասարդների և մեծերի համար զբաղմունքի վայրի բացակայության մասին, ինչպես նաև գյուղատնտեսության անկման մասին։ Գյուղում չկա մի տեղ, որտեղ երիտասարդները կամ մեծերը կկարողանան իրենց ազատ ժամանակը անցկացնել։

«Գոնե տարածք հատկացնեն կամ կառուցեն, որտեղ կարելի է ձմռանը ազատ ժամանակ զբաղվել ինչ-որ բանով, գյուղի կենտրոնում անհատ անձի կողմից տեղադրված է տնակ, որտեղ հավաքվում են, եթե նա էլ մի օր խիղճը կորցնի ու վերցնի, ոչինչ մեզ չի մնա»,- ասաց ներկա գտնվողներից մեկը։

Մյուս կողմից չնայած, որ գյուղում թե կանայք և թե տղամարդիկ, այդ թվում երիտասարդները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, այնուամենայնիվ գյուղատնտեսությունը անկում է ապրում, գյուղացու կովի ո՛չ կաթը գին ունի, ո՛չ էլ կարտոֆիլը։

Բնակիչները բազում անգամներ են ներկայացրել իրենց գյուղի խնդիրների մասին, սակայն ապարդյուն։

Ինչպես նշում են իրենք, ամեն ինչից հիասթափված են։