Ճապոնական Toyota Motor ավտոարտադրողն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենաների վաճառքի ծավալով։ Այս մասին վկայում են ճապոնական ընկերության հրապարակած տվյալները։
Չնայած այն հանգամանքին, որ 2024թ. ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7 տոկոսով,Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա։ Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։
Անցյալ տարի գերմանական կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա, որի վաճառքները նույնպես նվազել են 2,3 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 մլն ավտոմեքենա՝ 1 տոկոսով պակաս, քան 2023 թվականին։