Մանրամասներ 500 լարի ուսանողներին տրամադրվող օգնության մասին

Մանրամասներ 500 լարի ուսանողներին տրամադրվող օգնության մասին

Հունվարի 31-ին NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ գերազանց ուսանողները կստանան 500 լարիի չափով օգնություն։

Բնակիչները NOR ռադիոկայանից հետաքրքրվում էին, թե արդյոք վերոնշյալ ծրագիրը վերաբերվում է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին, թե ոչ։ Մասնավորապես բնակիչներից մեկը հարց էր բարձրացրել մեկնաբանությունների բաժնում․ «Դա Երևանում սովորող ուսանողներին վերաբերվու՞մ է»։

Դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժին՝ պարզելու համար արդյոք օգնությունը միանվագ է և վերաբերվում է ՀՀ-ում սովորող մեր ուսանողներին, և արդյո՞ք օգնության ծրագիրը շարունակական բնույթ կկրի թե ոչ։

Այնտեղից մեզ հայտնեցին, որ օգնությունը միանվագ է և վերաբերվում է միայն Վրաստանում սովորող ուսանողներին։ Ծրագիրը չի ներառում նախապատրաստական կուրսում և մագիստրատուրայում գերազանց սովորող ուսանողներին և հայտնի չէ, այս ծրագիրը շարունակական կլինի, թե ոչ։

Հիշեցնենք, որ ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել այն ուսանողները, ովքեր գրանցված են մունիցիպալիտետի տարածքում, սովորում են Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (բացի նախապատրաստական և մագիստրոսական կուրսերից) և ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն (91/100 միավոր)։

Դրամական աջակցություն ստանալու համար ուսանողը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • Քաղաքապետին հասցեագրված դիմում
  • Ուսանողի անձնագրի պատճենը
  • Տեղեկանք ուսման վայրից
  • Քաղվածք ուսանողի ուսումնական քարտից
  • Ուսանողի բանկային տվյալները։

Հավելենք, որ կա մեկ այլ ծրագիր, որի դեպքում ծնողազուրկ անձինք (միակողմանի, երկկողմանի), ովքեր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում են ԲՈՒՀ-երում, քաղաքապետարանից կստանան 1250 լարիի չափով օգնություն։

Այս ծրագրից դրամական աջակցություն ստանալու համար ուսանողը պետք է քաղաքապետարան ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

Քաղաքապետին հասցեագրված դիմում

Ուսանողի անձնագրի պատճենը

Տեղեկանք ուսման վայրից

Ծնողի/ծնողների մահվան վկայական/վկայականները

Ուսանողի բանկային տվյալները։