Չամդուրա գյուղի բնակիչները բողոքում են, որ այն տարածքը, որը անասունների համար ծառայում է որպես արոտատեղի և դաշտ գնալու ճանապարհ, աճուրդով վաճառվել է: Բնակիչները պահանջում են, որ պետության և գնորդի միջև կայացած այդ գործարքը չեղյալ համարվի:
1410 քառակուսի մետր մակերես ունեցող տարածքը 30 հազար ամերիկյան դոլարով գնել է Դիլիսկա գյուղի բնակիչ Վալերի Մարաբյանը: Գնված տարածքի մի հատվածը նա երկու շաբաթով վարձակալման է հանձնել «Արալի» ընկերությանը, որը այն ծառայեցնում է քարհատման աշխատանքների համար:
Գյուղի բնակիչներն ասում են, որ այդ տարածքի սեփականաշնորհումը խստորեն վնասում է գյուղի անասնապահությանը, քանի որ այդ տարածքում են արածում անասունները և բացի այդ այդ վայրը անասունների համար ծառայում է որպես ճանապարհ այլ արոտատեղիներ գնալու համար: Գյուղացիները ևս այդ տարածքով են գնում իրենց կարտոֆիլների ցանքատարածությունները:
Մեզ հետ զրույցում հողերի սեփականատեր Վալերի Մարաբյանը նշեց, որ ինքը ոչ մի անօրինական քայլ չի կատարել, տարածքը վաճառել են, իսկ ինքը գնել է:
Բնակիչները պայմանավորվել են, որ պաշտոնական նամակ կգրեն տեղական մունիցիպալիտետին, որը վերջինս կվերահասցեագրի համապատասխան մարմիններին: