
Փետրվարի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում հանդիսավոր կերպով նշվեց Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկը՝ Տեառնընդառաջ (Տրնդեզը): Գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Արմաշ քահանա Պողոսյանը հնչեցրեց աղոթք առ Աստված։
Աղոթքից հետո եկեղեցու բակում՝ բաց երկնքի տակ կազմակերպվեց հյուրասիրություն, որի հովանավորը Արտակ Իսպիրյանն էր՝ արմատներով Փոքր Խանչալիից։ Գյուղացիները մեծ շնորհակալություն են հայտնում իրենց համագյուղացուն, որ մշտապես աջակցում է գյուղին։
«Ճիշտ է, ես Արտակին անձամբ չեմ ճանաչում, բայց գյուղի համար լավ մարդ է, Աստված թող միշտ գործերին հաջողություն տա, հնարավորությունները շատանան և միշտ այսպիսի լավ բաներ կազմակերպի»,- ասաց Փ․ Խանչալի գյուղի բնակիչը։
Գյուղի կենտրոնում հյուրասիրության հետ մեկտեղ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկ, որը իր կողքը հավաքեց երիտասարդներին և մեծերին։
Տեսանութը դիտեք ստորև․
Տրնդեզը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում է Երուսաղեմի տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով արդար և բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի Փրկչին: Տեսնելով մանուկ Հիսուսին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտահայտությունը:
Տոնն իր ծագմամբ շատ ավելի հին է, և այն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը, կրակի ու արևի աստված Վահագնը: Տեառնընդառաջ տոնը, որը չնայած համարել են հեթանոսական, այնքան է արմատացել, որ եկել հասել է մեր օրեր: Կենցաղում համաժողովրդական այս տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է: Տրընդեզը կրակը (արևը) հողին տալու արարողություն է: Ժողովրդական ասացվածքում կա այսպիսի մի ակնարկ. «Տերընդեզի կրակը որ գետնին ընկնի, ձյունը կփախչի»: