Սակվարելիձե. Ուկրաինան Սահակաշվիլիին արտահանձնելու բանակցություններ է վարում

Սակվարելիձե. Ուկրաինան Սահակաշվիլիին արտահանձնելու բանակցություններ է վարում

«Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում Վրաստանի հետ՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայի ըննդիմադիր քաղաքական գործիչ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձման հետ կապված»: Այսպես է ասել Կիևում գտնվող Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Սահակաշվիլիի համախոհ Դավիթ Սակվարելիձեն:

Ըստ նրա՝ Սահակաշվիլիի արտահանձնման բանակցությունները վարում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ «Վրացական երազանքի» ոչ ֆորմալ ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:

«Բոլորն են արդեն ասում, որ եթե Սահակաշվիլին չդադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, նրան կարտահանձնեն Վրաստանին»,-ուկրաինական ZIK հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Սակվարելիձեն՝ ընգծելով, որ Իվանիշվիլին ռուսական «Գազպրոմի» բաժնետեր է, ռուս օլիգարխ, և գաղտնիք չէ, որ այսօր ինքն է կառավարում Վրաստանը:

Ըստ Սակվարելիձեի՝ Ուկրաինայի ղեկավարը մեծ ցանկություն չուներ Սահակաշվիլիին թողնել ուկրաինական քաղաքականություն: Նա հիշեցրել է, որ Սահակաշվիլին 2004-ին աջակցում էր Մայդանին, դեռ այն ժամանակ Պորոշենկոն վախենում էր Ուկրաինա թողնել Սահակաշվիլիին, որպեսզի չբարկացնի Պուտինին: Նաև խուսափում էր Վրաստանի նախկին նախագահի մեծ հեղինակությունից:

Հիշեցնենք՝ 2012-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանում Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժմանը» փոխարինեց «Վրացական երազանքը»: 2013-ին, նախագահական երրորդ ժամկետը լրանալուն պես Սահակաշվիլին հեռացավ Վրաստանից՝ նախ մեկնելով ԱՄՆ, ուր համալսարաններից մեկում դասախոսություններ էր կարդում, ապա ավելի ուշ հաստատվեց Կիևում, ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն:

Սահակաշվիլին ուկրաինական քաղաքականությանն ակտիվ մասնակցում է 2015-ից, երբ նախագահ Պորոշենկոյի նախաձեռնությամբ նշանակվեց Օդեսայի նահանգապետ: Մեկ տարի անց նա թողեց պաշտոնը, իշխանություններին մեղադրեց կոռուպցիայի հովանավորչության մեջ: Սահակաշվիլին ստեղծեց «Նոր ուժեր» ընդդիմադիր կուսակցությունը, այժմ պայքարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սահակաշվիլիին մի քանի քրեական գործերով մեղադրանք է առաջադրել՝ այդ թվում պետական միջոցներից սեփական կարիքների համար մոտ 5 մլն դոլարի ծախսման փաստով: Այն բանից հետո, երբ Ինտերպոլը մերժեց Վրաստանի իշխանությունների՝ Սահակաշվիլիի և նրա կառավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ միջազգային հետախուզում նշանակելու խնդրանքը, Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ երկրում միջպետական հետախուզում հայտարարվեց:



Opinion, pooling and voting