
Գյուլնարա Հովհաննիսյանը կարոտով է հիշում դպրոցում իր դասավանդման տարիները։ Աշակերտներին հանդիպելուց երբեմն չի ճանաչում, բայց անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ է օգնել և ուրախանում է նրանց հաջողություններով։ Վաստակաշատ ուսուցչուհին ասում է, որ մայրական սիրով էր վերաբերվում նրանց, և այդ վերաբերմունքը մինչ օրս էլ պահպանվում է նույն ջերմությամբ։
Գյուլնարա Հովհաննիսյանը ծնվել է 1951 թվականին Նինոծմինդա քաղաքում։ Ծնողները երկար տարիներ աշխատել են Քաղաքապետարանում։ Նա ունի երկու քույր և մեկ եղբայր։ Քույրերը նույնպես ուսուցիչներ են եղել։ Մեծ քույրը աշխատել է ինտերնատում՝ որպես ռուսերենի ուսուցչուհի, իսկ հետո աշխատել է Օրոջալարում։ Գյուլնարա Հովհաննիսյանն ու փոքր քույրը աշխատել են Նինոծմինդայի թիվ 2 հանրակրթական դպրոցում, որտեղ դասավանդել են 1-5-րդ դասարանցիներին։ Սերը դեպի ուսուցչի մասնագիտությունը նրանք զգացել են դեռ մանկուց։
Գյուլնարա Հովհաննիսյանը սովորել և ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական համալսարանը։ Ավարտելուց հետո նա ամուսնացել է և մի որոշ ժամանակ չի աշխատել որպես ուսուցիչ։ Նա աշխատել է դատական հաստատությունում, իսկ հետո վերադարձել է ուսուցչի մասնագիտություն։ Դպրոցում նա աշխատել է 1969 թվականից մինչև 80-ական թվականները։
«Այդ ժամանակաշրջանում, երբ կուպոնով էինք վարձատրվում, շատ դժվար էր դպրոցում աշխատելը, անգամ կային մարդիկ, ովքեր չցանկացան շարունակել, բայց մենք, սիրելով մեր մասնագիտությունը, շարունակեցինք աշխատել, և հետո աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց»,– նշեց Գյուլնարա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ ուրախ է ներկա ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար։
Ուսուցչուհու խոսքով, երեխաների ձգտումը այն ժամանակ ավելի մեծ էր, ավելի շատ էին ցանկանում սովորել։ Անգամ բարդ առարկաները աշակերտերը ձգտում էին սովորել։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Գյուլնարա Հովհաննիսյանը հիշեց նաև իր ուսանողական տարիներից։ «Երբ մենք գնում էինք քննություններ հանձնելու, ասում էին՝ Նինոծմինդացիները գնացին, Նինոծմինդայից էլի ուսանողներ էին սովորում, ու մենք առաջինն էինք մտնում քննասենյակ»։
Գյուլնարա Հովհաննիսյանը նշեց, որ նրա երեխաները մեծ հաջողություններ ունեն այժմ։ Նրա որդիներից մեկը Կանադայում է ապրում և մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ է։
Տիկին Գյուլնարայի հետ հարցազրույցը դիտեք տեսանյութում.