Արուսյակ Թանգամյանը FLEX ծրագրի հաղթող

Արուսյակ Թանգամյանը  FLEX ծրագրի հաղթող

Արուսյակ Թանգամյանը 16 տարեկան է, ծնվել և ապրում է Նինոծմինդա քաղաքում, սովորում է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի 10-րդ դասարանում։ Արուսյակն ունի շատ նախասիրություններ՝ սիրում է նկարել և երգել, նաև սիրում է ճամփորդել։

Արուսյակ Թանգամյանը 2025-2026 թթ․ FLEX ծրագրի հաղթող է ճանաչվել։ FLEX ծրագրին մասնակցել է առաջին անգամ և հաղթող ճանաչվել առաջին փորձից։ Ծրագիրը անցկացվել է երեք փուլով։ Ինչպես նշում է Արուսյակը, մասնակցել Է այս ծրագրին, որպեսզի ավելի բարելավի անգլերեն լեզուն, ծանոթանա այլ մշակույթների հետ։

«Որոշեցի մասնակցել «Ֆլեքս»ծրագրին, քանի որ այն մեծ հնարավորություն է ինձ համար զարգացնել գիտելիքներս, ընդլայնել մտածելակերպս և ծանոթանալ նոր մշակույթի և միջավայրի հետ։ Բացի այդ՝ ես շատ եմ կարևորում հաղորդակցման հմտությունների զարգացումը, քանի որ վստահ եմ դրանք անհրաժեշտ պայման են ապագա մասնագիտական և անձնական հաջողությունների համար»,- ասում է Արուսյակը:

Արուսյակը NOR-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրին մասնակցելով ինքը ԱՄՆ-ում կներկայացնի մեր երկիրի մշակույթը, արժեքները, ավանդույթները:

«Ֆլեքսը» մեծ փորձ է ինքնուրույնություն ձեռք բերելու, նոր մարտահրավերների պատրաստ լինելու համար, համոզված եմ, որ այս ծրագրին մասնակցելով կդառնամ ավելի նպատակասլաց` պատրաստ դիմակայելու ապագայի փորձություններին»,- ասաց Արուսյակը NOR ռադիոկայանի հետ զրույցում։

Արուսյակը նաև կիսվեց իր ապագա մասնագիտությունն ընտրելու պլաններով։ Նա դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է սովորել Թբիլիսիի բուհերից մեկում` ընտրելով միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։

Մանրամասները` տեսանյութում․

Լսել նաև աուդիոնյութը․

Radio NOR · Արուսյակ Թանգամյանը FLEX ծրագրի հաղթող

Տեղեկություն FLEX ծրագրի մասին՝

FLEX ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին Ջորջ Բուշ Մեծի ստորագրած «Ազատության աջակցման օրենքի» հիման վրա։ Նրա նպատակն էր ամրապնդել ԱՄՆ-ի և աշխարհի միջև խաղաղությունը, իսկ ծրագրի մասնակիցներին ընձեռել հնարավորություն ծանոթանալու Միացյալ Նահանգների մշակույթին և ազգին, ինչպես նաև սովորեցնել ամերիկացիներին՝ ավելի լավ հասկանալ այլ ժողովուրդների և մշակույթների յուրահատկությունները։