
Ամուր ընկերության միջոցով ստեղծված ծրագրերը նպաստում են երիտասարդների համար հարմար միջավայրի ստեղծմանը, որտեղ նրանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ երգի, պարի և այլ ոլորտներում։
Հրաչյա Ամազարյանը ծնվել է 1999 թվականին Ախալցիխեում։ 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ 4 տարի Ռուսաստանում ապրելուց հետո, 6 տարեկան հասակում Հրաչյան վերադարձել է Վրաստան։ Հաճախել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդոյի հանրային դպրոցը, իսկ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Ախալքալաքի քոլեջում։
Հրաչյա Ամազարյանը մասնագիտությամբ մենեջեր է։ «Մենեջմենթի ոլորտում չեմ աշխատել, բայց այդ ոլորտը ինձ պետք եկավ հետագա գործունեության շրջանում՝ օրինակ «LINE UP» կազմակերպության գործունեության մեջ»,-նշեց Հրաչյա Ամազարյանը։
«LINE UP» կազմակերպության մշակութային կենտրոնի ստեղծման մտահաղացումը եղել է 4 ընկերների կողմից։ «LINE UP»-ը երեխաներին և երիտասարդներին հնարավորություններ է տալիս մասնակցել տարբեր երկրներում մրցույթների և ակտիվությունների։ Մշակութային կենտրոնների բացակայությունից ելնելով բացվեց «LINE UP» մշակութային կենտրոնը։ «LINE UP» մշակութային կենտրոնի հիմնադիրներից մեկն է նաև Հրաչյան։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյա Ամազարյանը նշեց, որ նրանք դժվարությունների են հանդիպել։ «Երբ բացեցինք մշակութային կենտրոնը, մենք հստակ չգիտեինք, թե կունենանք աշակերտներ, թե ոչ, ու այս նախաձեռնությունը ինչ ընթացք կունենա։ Իհարկե, եղել են անկումներ, բայց չենք կանգ առել, շարունակել ենք առաջ գնալ»,- նշեց Հրաչյան՝ ավելացնելով, որ այսօր ցուցաբերել են լավ արդյունք։
2024 թվականին Հրաչյա Ամազարյանը իր ընկերոջ հետ ստեղծել է «Maxim Taxi» ծառայությունը, որն արդեն մեկ տարի է ինչ գործում է Ախալքալաքում։ «Մաքսիմ ծառայության ստեղծման գաղափարը ծագեց այնտեղից, որ շատ դժվար էր տաքսի վարձել հատկապես ուշ ժամերին, ինչպես նաև գների հետ խնդիրներ էին լինում և այսպիսով բացեցինք այս ծառայությունը»։
Ծառայությունը իր սպասելիքները արդարացնելով՝ 2025 թվականին սկսել է գործել նաև Նինոծմինդա քաղաքում։ «Մաքսիմի Նինոծմինդա ժամանելով, մենք հավատում ենք, որ տեղի բնակիչները կփոխեն իրենց սովորական մոտեցումը տաքսի պատվիրելու հարցում: Այժմ նրանք կարող են նախապես պատվիրել ուղևորություն, նշել երթուղին և անմիջապես պարզել արժեքը»,-նշեց հիմնադիր Հրաչյա Ամազարյանը։
Հրաչյան երիտասարդներին խորհուրդ է տալիս փորձել իրենց ուժերը յուրաքանչյուր ոլորտում, քանի որ նրանք ժամանակ ունեն ու լի են էներգիայով։ Նա հորդորում է երբեք չկանգնել, եթե լիովին վստահ են իրենց ուժերին, ապա ամեն ինչ կստացվի։
Կյանքը մշտական մարտահրավերներ է նետում, բայց ամենադժվար պահերին հենց մենք ենք որոշում, թե արդյոք կհաղթահարենք դրանք։ Չկա ոչ մի անհնար բան, եթե հավատում ես ինքդ քեզ և գնում ես առաջ: