Դժվարություններն ուժեղացնում են մարդուն․ Ալեքսանդր Սողոյան

Դժվարություններն ուժեղացնում են մարդուն․ Ալեքսանդր Սողոյան

Իմ կողքին ոչ ոք չի եղել։ Ինչ արդյունքի հասել եմ իմ աշխատասիրության և անընդհատ կրթվելու միջոցով եմ հասել։

Ալեքսանդր Սողոյանը 39 տարեկան է։ Ծնվել է Նինոծմինդա քաղաքում և այժմ ապրում է Երևանում։ «Հայաստանում մնալը կոնկրետ որոշում չէր, այլ լրիվ պատահական ստացվեց։ Բայց գրեթե ամեն ամիս գալիս եմ Նինոծմինդա»։

Ալեքսանդր Սողոյանի ծնողները ապրում են Նինոծմինդայում։ Հայրը՝ Արարատ Սողոյանը երկար տարիներ աշխատել է Նինոծմինդայի ոստիկանությունում որպես ավագ քննիչ։ Մայրը՝ որպես ինժեներ աշխատում է Նինոծմինդայի էներգոցանցում։ Իր հայրենի քաղաքի հետ կապը հնարավորինս պահպանում է և հաճախ այցելում Նինոծմինդա։ Ալեքսանդրը սովորել և ավարտել է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցը։ Հոր հետքերով Ալեքսանդրը ընտրեց ոստիկանի մասնագիտությունը։ 2003 թվականին տեղափոխվել է Երևան՝ շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ակադեմիայում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ակադեմիան ավարտելուց հետո չի աշխատել այդ համակարգում։ Սպորտը, ինքնակրթությունը և ինքնազարգացումը Ալեքսանդրի հիմնական նախասիրություններն են։

Ալեքսանդրը ակտիվորեն զբաղվում է ու փորձում աջակցել Ջավախքի կրթական, մշակութային և զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներին։ «Ունեմ Ֆեյսբուքում Ջավախքի մասին խումբ և «Նինոծմինդա» էջը, որոնց միջոցով տարածում եմ կրթական, մշակութային, սոցիալական և զբոսաշրջային դրական ինֆորմացիաներ»,- նշեց Ալեքսանդր Սողոյանը։

2008 թվականից մինչև 2021 թվականը Ալեքսանդր Սողոյանն աշխատել է «Yerevan City» սուպերմարկետների ցանցում՝ սկսած բանվորից մինչև ապրանքախմբի ղեկավար։ Հետո աշխատել է «Tsiran» սուպերմարկետների ցանցում որպես կոմերցիոն տնօրեն, իսկ դրանից հետո՝ «Բայազետ» ընկերությունում որպես մարքեթինգի տնօրեն։ Այնուհետև նա եղել է «Աֆրոբին» ընկերության վաճառքի տնօրեն։

Ալեքսանդրը ունի ընտանեկան բիզնես «PayuSAC» բրենդը։ «Մենք առաջինն էինք, ովքեր հայկական տառերը թռչնատառերի տեսքով կիրառեցին պայուսակների և նոթատետրերի վրա։ Եվ դրանք ուղարկել ենք ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և այլ երկրներ»։ Ալեքսանդր Սողոյանն աշխատել է մի շարք ընկերություններում «Արևային ընկերության» տնօրեն։ «InvenTech» ընկերության հիմնադիր։ «Ընկերությունները Ջավախքի մասով դեռ ոչ մի բան չեն արել։ Անձամբ ես եմ փորձում օգտակար լինել։ Աշխատում հնարավորինս օգնել ՋԱՀ-Ի նախագծերին։ Վերջիններիս մեկը Վահան Տերյանի տուն թանգարանի վերանորոգման համար կազմակերպված միջոցառումն էր, որի արդյունքում հավաքված գումարներով վերանորոգվեց Գանձա գյուղի Վահան Տերյանի տուն-թանգարանի երկրորդ մասը»։

Ալեքսանդրը սոց ցանցերում փաստեր է արձանագրում և հասարակությանը փորձում հետ պահել վատ սովորություններից։ «Մեր հայրենակիցները պետք է ուժեղ լինեն և իրենց կյանքը չթունավորեն վատ սովորույթներով»։

Ալեքսանդր Սողոյանը իր անցած ճանապարհին հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, բայց երբեք չի հիասթափվել։ Դժվարությունները՝ միայն ավելի համարձակ են դարձրել նրան։ «Դժվարություններ շատ են լինում, երբ նոր նախաձեռնություն ես սկսում, բայց երբեք չեմ հիասթափվել»։