
Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News-ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:
BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո:
«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», – ասվում է BBC-ի հայտարարության մեջ:
Ըստ BBC-ի՝ Ադրբեջանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդել են, որ Կառավարությունը ցանկանում է կրճատել BBC-ի աշխատակիցների թիվը՝ թողնելով 1 աշխատակից:
BBC-ն գրավոր ոչինչ չի ստացել Ադրբեջանի կառավարությունից և մի շարք ուղիներով պարզաբանումներ է խնդրել: ԱԳՆ–ից ևս պարզաբանում չեն ներկայացրել:
BBC–ի լրագրողները դադարեցրել են իրենց աշխատանքը, սակայն BBC–ն շարունակում է ադրբեջաներենով լուրերի հաղորդումը: BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում: