Ծալկայի բարբառը «համ ու հոտ» է տալիս Աբրահամ Բաբիկյանի պատրաստած ուտեստներին

Ծալկայի բարբառը «համ ու հոտ» է տալիս Աբրահամ Բաբիկյանի պատրաստած ուտեստներին

Այսօր պատմելու ենք Աբրահամ Բաբիկյանի մասին, ով համարվում է շատ սիրված ֆուդբլոգեր և ունի բազմահազարանոց լսարան սոցիալական կայքերում։

Աբրահամ Բաբիկյանը ծնվել է 1996 թվականին Ծալկայի շրջանի Այազմա գյուղում։ Բազմազավակ ընտանիքից է՝ ընտանիքում 6 եղբայր, 3 քույր են։ Դպրոց է հաճախել Այազմա գյուղում, իսկ 12-րդ դասարանն ավարտել՝ Նարդևան գյուղում։

Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան, սովորել է Հայ-ուկրանիական համալսարանում, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանում, Երևանի Կրթագիտական ինստիտուտի բանկային գործ բաժնում։ Ուսման հետ զուգահեռ Աբրահամը սովորել է նաև խոհարարություն, որն այսօր նրան տվել է մեծ ճանաչում ինստագրամյան հարթակում։

2019 թվականին Աբրահամը մասնակցել է «Թեժ խոհանոց» հեռուստաշոուին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնակաը և որպես մրցանակ Երեմյան ակադեմիայում անվճար սովորելու հնարավորություն է ստացել։ 2020 թվականին Երեմյան ակադեմիան և համալսարանն ավարտելուց հետո առաջ է գալիս պանդեմիան. այդ ընթացքում աշխատում է խոհարար-մատուցող։ 2022 թվականին սովորում է դիզայներություն, այնուհետև 2023 թվականին որոշում է բացել խոհարարական վլոգ, որտեղ տեղադրում է հայկական խոհանոցի ուտելիքների պատրաստման ընթացքը և այսպես էջը ակտիվանում է։

«Արդեն լրանում է երկու տարին, որ զբաղվում եմ բլոգինգով և սոցիալական կայքերում ակտիվ խոհարարական էջ եմ վարում»,- ասում է Աբրահամը NOR-ի հետ զրույցում։

Աբրահամի ընտանիքը այս պահին ապրում է Այազմայում, իսկ ինքը Երևանում։ Չնայած մեծ հեռավորությանը՝ Աբրահամը շուտ-շուտ է այցելում հարազատ գյուղ՝ տատիկի հետ կիսվում բաղադրատոմսերով, նկարահանում նոր վլոգներ և տեսահոլովակներ։

Աբրահամը NOR-ին տված հարցազրույցում հիշեց և խոսեց նաև իր անցած դժվարությունների մասին։

«Երբ սովորում էի համալսարանում, ինձ սովորելուս հետ մեկտեղ հարկավոր էր աշխատանք և ես որոշեցի զուգահեռ սովորել խոհարարություն։ Դժվարությունները շատ մեծ էին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան։ Իմ առաջին աշխատանքային վայրը եղել է միրգ-բանջարեղենի խանութը, որտեղ ես աշխատում էի որպես վաճառող։ Ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից, ես ունեի նպատակ և երազանք հասնել ինքնուրույն աշխատելու և ստեղծելու ինչ որ հետաքրքիր մի բան, որտեղ և սիրելի զբաղմունքս և աշխատանքս կլիներ մեկտեղ»։

Քանի որ Աբրահամը համեղ ուտեստներ է պատրաստում, նա նաև սիրում է դրանք փորձարկել, նրա ամենսիրելի ուտեստը այն է, ինչը պատրաստվում է սմբուկով, նա նաև սիրում է խմորային ուտեստներ։

Մեր այն հարցին, թե արդյոք տեսանյութերում լինում են բացասական մեկնաբանություններ, թե ոչ և ինչպես են վերաբերում հետևորդները մեր բարբառին, որով երբեմն համեմում է ինքը էկրանից այն կողմ համով համը զգացնել տվող կերակուրները՝ Աբրահամը պատասխանեց․

«Այո բացասական մեկնաբանություններ լինում են երբեմն, դրանց պատասխանում եմ երբեմն, բայց փորձում եմ մաքսիմալ թեթև տանել այդ ամենը, քանի որ մարդիկ տարբեր են և ունեն տարբեր կարծիքներ։ Իսկ բարբառով խոսելը շատ է հետաքրքրում մարդկանց, նամանավանդ մեր տարածաշրջանի ժողովուրդը, որ ապրում են տարբեր երկրներում, բոլորը հիշում են իրենց մանկությունը, տատիկին, մայրիկին և ծննդավայրը և բոլորի մոտ շատ ջերմ հիշողություններ է արթնացնում»,- ասաց Աբրահամը։

Աբրահամը NOR-ին նաև պատմեց իր մանկությունից, թե ինչպես առաջին անգամ 8-9 տարեկան հասակում վերմիշել պատրաստել, իսկ 10 տարեկանում մայրիկի և տատիկի հետ հաց թխել։

Աբրահամի պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես քրտնաջան աշխատանքը, սիրելի զբաղմունքը և դժվարություններից հրաժարվելը կարող են բերել մեծ հաջողությունների։