
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերներն այս պահին գոհ են կարտոֆիլի իրացման գներից և գործընթացից։ 1 կգ կարտոֆիլի գինը աշնանից մինչև հունվար ամիս տատանվում էր 45-65 թեթրիի սահմաններում, իսկ հիմա՝ 0․90-1 լարիի։
Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները ադրբեջանցի և ռուսաստանցի վերավաճառողներն են։ Ամեն օր մունիցիպալիտետից խոշոր բեռնատարները հարյուրավոր տոննա կարտոֆիլ են տեղափոխում Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան…
Արդեն երկու օր է, եղանակային վատ պայմանների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհը փակ է, ինչն իր հերթին ազդում է կարտոֆիլի վաճառքի վրա։
Չամդուրա գյուղից Էդուրադ Հովհաննիսյանն ասում է, որ իրացման հետ կապված դեռ խնդիրների չի բախվել։
«Եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրներ առաջացրեցին բերքը հավաքելու ժամանակ։ Ինչն ազդեց բանվորների օրավարձի բարձրացման վրա։ Եթե առաջ 1 հեկտարը քանդելու համար պետք էր 2000-2200 լարի, ապա անցնող աշուն 5000 լարի պահանջվեց 1 հեկտարի համար։
Անցած տարի ֆերմերների համար լավ տարի էր։ Ճիշտ է սկզբնական շրջանում ցածր էր կարտոֆիլի գինը, բայց թանկացավ։ Ես ինքնս գոհ եմ՝ և բերքատվությունից, և վաճառքի գներից», – ասաց ֆերմեր Էդուարդ Հովհաննիսյանը։
Սուլդա գյուղից Սերգեյ Ափոյանի խոսքով, անցած տարին կարտոֆիլի համար շատ բարենպաստ տարի էր, բերքատվությունն անհամեմատ բարձր էր։
«Վաճառքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել, գնորդներ միշտ եղել են, հիմա էլ կան։ Սկզբում գինը ցածր էր, հազիվ էր ինքնարժեքը փակում, բայց վերջին օրերին թանկացել է, 1 կգ կարտոֆիլը վաճառվում է 0,90 – 1 լարիի սահմաններում։ Սա շատ լավ գին է», – ասաց Սերգեյ Ափոյանը։
Միաժամանակ հավելելով, որ մի քանի օր է Լարսը փակ է, բայց խուճապի պետք չէ մատնվել․ «Իմ կարծիքով, ճանապարհը բացվելուն պես գնորդները նորից կգան։ Առիթից օգտվելով, ուզում եմ մեր կառավարությանը դիմել, որ օգնեն գյուղացուն, որպեսզի կարողանա իր ունեցած բերքը նորմալ գնով վաճառի»։
Գյուղատնտես և ֆերմեր Եղիշե Աղաջանյանն ասում է՝ անցած տարի գյուղացին միջինը 1 հեկտարից 30 տոննա բերք է ստացել։ jnews.ge