Գազի մատակարարման խնդիր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում

Գազի մատակարարման խնդիր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում

NOR ռադիոկայանին դիմում էին Սաղամո գյուղի բնակիչները, որպեսզի լուսաբանենք գյուղում առկա գազի մատակարարման խնդրի մասին։ Մի քանի օր է, ինչ Սաղամո գյուղում գազամատակարարման խնդիր կա։

«Ձմռան ամիսներին գյուղում գազի մատակարարման խնդիրը դարձել է մշտական։ Երրորդ ձմեռն է, ինչ գյուղում այս խնդիրը առկա է։ Ահավոր իրավիճակ է՝ ո՛չ գազ է միանում, ո՛չ ջեռուցման համակարգ։ Անցած տարի խոստացան, որ խնդրին լուծում կտրվի և նոր գազային մայրուղի կքաշեն, սակայն ոչ մի փոփոխություն»,- ասում են Սաղամո գյուղի բնակիչները։

Տեղեկություն ստանալու և պարզելու համար, թե տեղյակ են այս խնդրի մասին և ինչ միջոցներ են ձեռնարկում կամ ձեռնարկելու խնդրի շուրջ՝ NOR ռադիոկայանը կապ հաստատեց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։

«Այո տեղյակ եմ, գյուղում կա գազամատակարարման խնդիր, արտակարգ իրավիճակ է ամբողջ Վրաստանում, կան քաղաքներ, որ ընդհանրապես գազ չկա, միայն Սաղամոյում չէ, որ այդ խնդիրը կա, Փոկա գյուղը նույնպես ունի նման խնդիր։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում երկու ժամ գազամատակարարումը դադարի։ Մենք անցած տարի Հեշտիա գյուղից Սաթխա գյուղ բերեցինք 125 տրամագծի գազային մայրուղի, սակայն չեմ կարող ասել թե ինչու չի հասցնում, գազը մատակարարվում է ամենաբարձր ճնշմամբ (8 ատմոսֆեր)՝ դրանից ավել չենք կարող ճնշումը բարձրացնել։ Այս պահի դրությամբ գազամատակարարում կա գյուղում»,- ասաց Վրեժ Բերիկյանը։

Բնակիչների պնդմամբ գյուղում գազի խնդիրը առկա է, իսկ գազաբաշխման ընկերությունից հավելեցին, որ ինչքանով հնարավոր է խնդրին տրվել է լուծում։

Հավելենք, որ այսօր փետրվարի 26-ին NOR ռադիոկայանի խմբագրություն են դիմել նաև Դիլիֆ, Գանձա, Փ․Խանչալի, Ղուլալիս գյուղերի բնակիչնեը, ովքեր նույնպես հայտնում են, որ ունեն գազամատակարարման խնդիր։ Առավոտյան ժամը 6-ից Դիլիֆ գյուղի մի մասի գազամատակարարումը դադարեցվել է։