Երիտասարդական էներգիա և նպատակասլացություն

Երիտասարդական էներգիա և նպատակասլացություն

Տարբեր ծրագրերի մասնակցելը Քրիստինեին տվել է հնարավորություն մարդկանց ճանաչել, մարդկանց հետ շփվելու փորձով կիսվելու և ինքն իրեն ճանաչելու հնարավորություն։

Քրիստինե Օքրոյանը ծնվել է 2003 թվականին Ախալքալաքում։ Ապրում է Կարտիկամ գյուղում։ Սովորել և ավարտել է Կարտիկամի հանրային դպրոցը։ Նա ունեցել է գերազանց առաջադիմություն։ Դպրոցն ավարտելուց հետո 2021 թվականի օգոստոսին ընդունվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի քոլեջը։ Այժմ համակարգչային տեխնոլոգիաների բաժնի վերջին կուրսի ուսանողուհի է։ 2021 թվականին որպես կամավոր լրագրող աշխատել է Ախալքալաքի ATV 12 հեռուստաընկերությունում։ Այդ ընթացքում մասնակցել է տարբեր լրագրողական դասերի և ծրագրերի։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով Քրիստինեն չի կարողացել շարունակել լրագրողի մասնագիտությունը։

NOR ռադիոկայանի հետ զրույցում Քրիստինեն նշեց, որ լրագրողի մասանագիտությամբ աշխատելիս ամենատպավորիչը անցկացված հանդիպումներն էին․ «Այնքան հաճելի և միաժամանակ տարօրինակ զգացողություն էր գտնվել մի վայրում այնպիսի մարդկանց հետ, ովքեր ունեն լրագրության ոլորտում բազում տարիների փորձ, սակայն այդ ամենը ավելի հաճելի էր այն բանով, որ նրանցից ոչ մեկ չէր ընդգծում մեր թե՛ տարիքային և թե՛ փորձի տարբերությունը»։

Քրիստինեն մանկուց սիրել է կինո աշխարհը և միշտ երազել է, որ գոնե ունենա իր հեղինակային ֆիլմը ու 2 տարի մասնակցելով «Gipa Media Lab» ծրագրերի դասընթացներին, նրան հաջողվեց նկարահնել իր հեղինակային ֆիլմը՝ «Հերոս մայրը» վերնագրով։

Քրիստինեն վերջերս «Պատմություններ մեր գյուղից» խորագրով վիդեո պատմությունների մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, ինչը մեծ ուրախություն և հպարտություն է պատճառել նրան։ Նա «Գանձ» հարթակի և «Առաջ դեպի նոր հնարավորություններ» խմբի անդամ է։ Դրա հետ մեկտեղ տարբեր կամավորական աշխատանքներ է կատարել։ 2024 թվականին ստացել է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի թրեյների կոչում և նա ինքն է արդեն անցկացնում թրեյնինգներ։

Քրիստինեն որպես երկար ժամանակ թրեյնինգների մասնակցած մարդ, մտավախություններ է ունեցել, որ շատ դժվար կլինի լիդերի դերում հանդես գալը և երեխաների հետ նույն կոմպրոմիսի գալը։ Սակայն այդ մտավախությունները նա հաղթահարել է։ Ինչպես նշեց Քրիստինեն, երեխաների հետ շփման ընթացքում նա իրեն զգում է թեթևացած և հանգիստ, նրանք այնքան մաքուր էակներ են, ովքեր ցանկացած պահին Քրիստինեին ոգեշնչում են և երեխաների հետ հարաբերություն հաստատելը նրա համար ամենահեշտ գործն է։

Քրիստինեն ընդգծում է, որ ցավոք նրանց սերունդը վերջինն էր, ով վայելել է իրական մանկությունը, այժմյան սերունդը, ճիշտ է, շատ անգամներ են հպարտանալու առիթներ պարգևում նրանց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և բազում հաղթանակներով, սակայն կարծես ինչ-որ բան պակաս լինի նրանց մանկության մեջ։ Նա հորդորում է, որ վայելեն իրենց մանկությունը, դեռահասությունը, օգտվեն այն հնարավորություններից, որոնք Աստված նրանց տալիս է, չշտապեն մեծանալ, նպատակադրվեն և միմիայն շարժվեն առաջ։

Մեզ հետ զրույցում Քրիստինեն կիսվեց լեզուներ սովորելու իր փորձով, որ պետական լեզուն և ցանկացած լեզու միայն հստակ դասերով չես կարող սովորել, ամենաարդյունավետ տարբերակներից է այդ լեզվի ներկայացուցիչների հետ շփումը․ «Պետական լեզուն սովորելը իմ մոտ շատ հեշտ ստացվեց, քանի որ դպրոցական տարիներից հնարավորություն տրվեց մասնակցելու անվճար վրացերեն դասընթացների։ Ունեմ շատ վրացի ընկերներ, ովքեր ինձ օգնում են այդ հարցում։ Իրենք ինձ են սովորեցնում, ես՝ իրենց»։


Հիասթափություն և դժվարություն․

Ինչքան որ ցանկությունն ու նպատակն են մարդու հետ առաջ շարժվում, այդպես էլ հիասթափությունը, դժվարությունները և ձախողումները։ Քրիստինեն նշեց, որ դժվարություններ և հիասթափություններ, ինչպես բոլորի մոտ, այնպես իր մոտ է շատ եղել, ժամանակ է եղել, որ մտածել է կանգ առնելու մասին, մտածել, որ իմաստ չկա, բայց հետո միանշանակ փոխել է իր որոշումը։ Քրիստինեի համար այս ամենից դուրս գալու բանաձևը ծնողի հպարտացող աչքերն են․ «Յուրաքանչյուր մարդ դժվարության պահին միշտ հանգիստը գտնում է իր հարազատ տանը։ Որքան էլ ծանր օր ունեցած լինեմ, ծնողներիս հպարտացող աչքերը, որոնք ինձ են նայում, միանգամից հանգստացնում են ինձ,-հավելեց Քրիստինեն ու նշեց,- որ դժվարություններ միշտ էլ կլինեն, բայց դրանք ուժեղների համար են, քայլեք առաջ և մի վախեցեք ձեր սխալներից, չէ որ մենք մեր սխալների վրա ենք սովորում։