
Microsoft-ը նախատեսում է դադարեցնել Skype մեսենջերի աշխատանքը 2025 թվականի մայիսին՝ փոխարենը խրախուսելով օգտատերերին անցում կատարել Teams հարթակ։ Ըստ XDA Developers-ի, այս մասին հայտնում են դատամայնինգի մասնագետները, որոնք հայտնաբերել են համապատասխան հաղորդագրությունը Skype-ի կոդում։
Ըստ հրապարակված տվյալների՝ Microsoft-ը Skype-ում ցուցադրելու է ծանուցում, որտեղ օգտատերերին կառաջարկվի տեղափոխվել Teams, ինչպես նաև հնարավոր կլինի տեսնել այն կոնտակտները, որոնք արդեն փոխել են հարթակը։
Skype-ն գործարկվել է 2003 թվականին և դարձել է հանրահայտ հաղորդակցման միջոց, իսկ 2011 թվականին այն ձեռք էր բերել Microsoft-ը։ Սակայն վերջին տարիներին Teams-ը դարձել է ընկերության հիմնական հաղորդակցման հարթակը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորել է Skype-ի գործունեության դադարեցումը։