
Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։
«Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, ընտրություններին օկուպացված Աբխազիայի տարածաշրջանում։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և հանդիսանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Շարունակվող օկուպացիայի ֆոնին և այն պայմաններում, երբ աբխազական տարածաշրջանից ներքին տեղահանվածներին և փախստականներին դեռևս հնարավորություն չի տրվում անվտանգ և արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները, իսկ տեղի բնիկ բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները կոպտորեն և համակարգված կերպով ոտնահարվում են, այսպես կոչված ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և, հետևաբար, չունեն որևէ իրավական հիմք։
Վրաստանի կառավարությունը հաստատակամորեն և հետևողականորեն իրականացնում է խաղաղության հաստատուն քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը, ապաօկուպացիայի հետ մեկտեղ, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հաշտեցման և ներգրավվածության գործընթացի իրականացումն ու հետագա ակտիվացումն է, որի նպատակն է բարելավել հասարակական-տնտեսական համագործակցությունը, որը հիմնված է հակամարտությունների կարգավորման և բնակչության միջև վստահության վերականգնման վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գունբան: