
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։
Լիագումար նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
«84 կողմ, ոչ մեկ դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ», – ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ ընդունելու է ամերիկյան FARA օրենքի ճշգրիտ անալոգը։
Կուսակցությունների առաջնորդների կարծիքով՝ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի այն հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման դեմ պայքարում, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է, քան 2024 թվականի մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Վրացական օրենսդրությունը, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար։ Ամերիկյան օրենքը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։