
350 լարի պետբյուջե, հազարներ՝ վերանորոգման համար. Ժդանովականի մոտ միջազգային նշանակության ճանապարհը հասցնում է ոչ թե տեղ, այլ ուղիղ վերանորոգման կետ։
Ժդանովական գյուղի մուտքի մոտ միջպետական նշանակության ճանապարհը դարձել է միակողմանի։ Այս քանդված ճանապարհի համար բեռնատար ավտոմեքենաները պետբյուջե են վճարում 350 լարի։
NOR ռադիոկայանը ականատես եղավ և ֆիքսեց, որ ճանապարհին առկա քանդված և խորը փոսերը խոչընդոտում են երթևեկությանը։ Ճանապարհի այդ հատվածում կարելի է տեսնել նաև մեքենաների կոտրված մասեր։ Այստեղ արդեն տասնյակ մեքենաներ են կոտրվել։
Անցորդները, վարորդները անվադողերով, շշերով և ժապավեններով փակել են ճանապարհի մի մասը զգուշացնելու այլ մեքենաների վարորդներին, որ տասնյակ մեքենաներ են կոտրվել այս վայրում, որտեղ կա ջրով լցված խորը փոս ու անտեսանելի է։
Ավելի ուշ տեղեկացանք, որ այդ հատվածում զգուշացնող միջոցները մարդասիրական նպատակներով տեղադրել է Սամեբա և Եֆրեմովկա գյուղերի ներկայացուցիչ Պետրոս Թամասյանը, ով նշեց, որ դա արել է բարեխղճորեն, զգուշացնելու վարորդներին որ չկոտրեն մեքենաները։
Նման խորը փոսեր առկա են նաև Ժդանովական գյուղի մեջ, անմիջապես կենտրոնական մայրուղու վրա։
Բնակիչները NOR ռադիոկայանին հայտնում են․ «Շատ ահավոր է Ժդանովականի ճանապարհը, մեր մեքենան ջարդվել է ջրափոսի մեջ ընկնելիս, ահավոր վատ է մի քանի տեղ, մեքենայում երեխա կար ու շատ վախեցավ , մի կերպ տեղ հասանք, ով է պատասխան տալու այդ ամենի համար»։
Նշենք, որ այս ճանապարհը տանում է դեպի անցակետ, որտեղ օրական անցնում են հարյուրավոր մեքենաներ, այդ թվում՝ բազմաթիվ բեռնատարներ, որոնք վճարում են 350 լարի ճանապարհի համար։ Չնայած մեծ գումարներ են մուտքագրվում բյուջե, սակայն ճանապարհների վիճակը շարունակում է մնալ անտանելի։
Հավելենք, որ Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհների տարբեր հատվածները ևս գտնվում են քանդված և անմխիթար վիճակում։ Ճանապարհը ամբողջությամբ ենթակա է շտապ վերանորոգման։
Մենք կապ հաստատեցինք ճանապարհային վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, երբ եղանակները տաքանան կսկսեն վերանորոգման աշխատանքները։