Գուրիայում ավարտվել են առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքները

Գուրիայում ավարտվել են առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքները

Գուրիայում ավարտվել են փետրվարի վերջին տեղացած առատ ձյան հետևանքով բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Նահանգապետ Գիորգի Ուրուշաձեի խոսքով, ճանապարհների մաքրման աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է ողջ տարածաշրջանում:

Շարունակվում է սննդի և դեղորայքի բաշխումը կարիքավորներին:

Ուրուշաձեն խոստանում է, որ պետությունը կվերականգնի ձյան պատճառով փլուզված բոլոր տները, իսկ եթե վերականգնումն անհնարին լինի, ապա կտրամադրի բնակարաններ։

Աշխատանքների այս հատվածը կսկսվի այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովը կավարտի վնասի գնահատումը։

Փետրվարի վերջին շաբաթվա առատ ձյան տեղումներից հետո Աջարիայի, Գուրիայի, Ռաճայի և Իմերեթիի հարյուրավոր գյուղեր կտրվել էին արտաքին աշխարհից: Նրանք մի քանի օր անցկացրել են առանց ջրի, գազի, լույսի, սննդի ու դեղորայքի։ Գուրիայում, որտեղ իրավիճակը հատկապես ծանր էր, փրկարարների հետ միասին զինվորականներ են ուղարկվել։