Հունիսի 23-ին Գանձայի Վ. Տերյանի տուն-թանգարան էին այցելել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արշավախումբը՝ բաղկացած ուսուցչական երգչախմբից և «Կայծեր» պարային խմբերից (70 հոգի): Նրանք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ տարածաշրջան են ժամանել Ախալքալաքիի թիվ 3 դպրոցի տնօրենի հրավերով: Արշավախմբին Գանձա գյուղում դիմավորեցին Վաղինակ Ղազարյանը և քահանա Տեր Արմաշ Պողոսյանը:
Կրթահամալիրի տնօրենի խոսքով՝ նրանց այցելության նպատակն է ստեղծել հայ-վրացական հանրակրթական կամուրջ: «Գալով տարածաշրջան՝ մենք չէինք կարող չայցելել մեծանուն հայ բանաստեղծի ծննդավայր, չնայած որ հաճախ ենք եղել այստեղ: Այսօր մենք կրթամշակութային խմբով ենք ժամանել և որոշեցինք նրանց մեջ ևս տերյանական «վիրուսներ» տարածել»,- նշեց Աշոտ Բլեյանը:
Ուսուցչական երգչախումբը հանդես եկավ հոգևոր երգերով Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում, իսկ բանաստեղծի տուն-թանգարանի դիմաց հնչեցին Վահան Տերյանի բանաստեղծություններից, որտեղ հյուրերին միացան նաև Գանձա գյուղի երիտասարդությունը:
Հավելենք նաև, որ կրթամշակութային արշավախումբը հունիսի 22-ին այցելել էր Ախալքալաքի, այնուհետև Ջիվանու ծննդավայր՝ Կարծախ գյուղ:
Նյութը պատրաստեց Նոր ռադիոյի կամավոր Նարինե Մխիթարյանը