Իվանիշվիլին Բաքվում հետ կանգնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին իր խոսքերից

Իվանիշվիլին Բաքվում հետ կանգնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին իր խոսքերից

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ադրբեջանում որոշել է խմբագրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ իր հայտարարությունը՝ հայտնելով, որ շտապել է այդ հարցում:
«Ես նախկինում ասել էի, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։ Բայց դա շտապողական հայտարարություն էր», – դեկտեմբերի 26-ին Բաքվում պաշտոնական հանդիպումների ավարտին վրացի լրագրողներին ասել է Բիձինա Իվանիշվիլին:
Իրականում այդ հարցի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ասել է նա, գրում է «Նովոստի Գռուզիան»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ինքը խոստովանել է, որ «մի փոքր շտապել է այդ հարցում»:
Հիշեցնենք, ավելի վաղ «Ռեզոնանսի» թերթի հետ զրույցում Իվանիշվիլին հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային մայրուղու շինարարությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց, հնարավոր է, անդրադառնա Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Նա բացատրել էր տվյալ նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները. այս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունն իրականացվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջագային համաձայնագրով: Նախատեսվում է երկաթգծային մայրուղու 105 կմ-անոց ճյուղի կառուցում, որի 76 կմ-ը կանցնի Թուրքիայով, 29 կմ-ը՝ Վրաստանով: Դրանից բացի, Վրաստանում կվերակառուցվի Ախալքալակ-Մարաբդա- Թբիլիսի երկաթգծի հատվածը:
Այս նախագիծը քանիցս քննադատության է ենթարկվել հայկական կողմից, քանի որ ըստ էության Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Հայաստանը մեկուսացնող հերթական ծրագիրն է:news.am



Opinion, pooling and voting