
Մեր հայրենակից Դիանա Բաղդասարյանը մարտի 9-ին մասնակցել է Երևանում կայացած Համահայկական «Միսս հայուհի 2025» մրցույթին:
Մրցույթի հիմքում ընկած է ոչ թե անձի գեղեցկությունը կամ ֆիզիկական կազմվածքը, այլ հայուհու կերպարը, ներկայացվել են հայկական տարազները՝ տարածաշրջաններին համապատասխան։
Դիանա Բաղդասարյանը որպես մասնակից ներկայացել է Ջավախքին բնորոշ տարազով և անցել երկրորդ փուլ։
Դիանան NOR-ի հետ զրույցում նշեց, որ իր համար առաջնային նպատակ ունի պահպանել հայկական ավանդույթները։ Նրա խոսքով, նմանատիպ մրցույթներով և միջոցառումներով կարելի է պահպանել այն ամենը, ինչը մենք ունեցել ենք և ունենք։
«Այս նախագիծը ինձ տալիս է ոչ միայն մասնակցություն կամ հաղթանակ, այլ նաև՝ նոր ընկերներ և ծանոթություններ, իսկ հաղթանակը վատ չէր լինի»,- ասաց Դիաննան։
Մրցույթը երկփուլ է՝ առաջին փուլը կայացել է մարտի 9-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 12-ին, որը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մրցույթին մասնակցել են մոտավորապես 1500 հայուհի, որից երկրորդ փուլ են անցել մոտ 40 տոկոսը, երկրորդ փուլը հաղթահարած մասնակիցներից 150-ը կստանան 7-օրյա ուղևորություն դեպի Դուբայ, իսկ 3 մասնակից կստանան բացառիկ մրցանակներ՝ շքեղ մեքենաներ Mercedes G500 և Porsche Cayenne մակնիշի:
Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նմանատիպ մրցույթ, որի կազմակերպիչը Հակոբյաններ համահայկական կենտրոնն է։
Դիտեք տեսանյութը․