«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանը կներկայացնի Մարիամ Շենգելիան

«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանը կներկայացնի Մարիամ Շենգելիան

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում այս տարի Վրաստանը կներկայացնի 22-ամյա Մարիամ Շենգելիան։

Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 18 վրացի կատարող՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները։ Առաջին ալիքը նաև ստացել է ավելի քան 20 օտարերկրյա երգահանների ստեղծագործություններ։

Հանրային հեռարձակողն ընտրել է մի նախագիծ, որը հարուստ է վրացական մոտիվներով և ազգային տարրերով՝ լավագույնս ներկայացնելով երկրի մշակութային ինքնությունը միջազգային մրցույթում։

Մարիամ Շենգելիան մասնակցել է Առաջին ալիքի երկու նախագծերի՝ «Վրաստանի աստղ» և «The Voice»։

Երգչուհին 2020 թվականին «Եվրատեսիլ»-ում Վրաստանի ներկայացուցչի՝ Թորնիկե Ղիփիանիի բեք վոկալիստն էր, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։

«Freedom» (Ազատություն) երգի երաժշտության հեղինակն է Քեթի Գաբիսիանի, իսկ խոսքերը գրել է Բուկա Կարտոզիան։

Երգի տեսահոլովակը նկարահանել է Կախա Բուխրաշվիլին, զգեստների ձևավորումն իրականացրել է Իզա Նադարեիշվիլին, իսկ տեսահոլովակի գեղարվեստական լուծումներով զբաղվել են Շակո Պոպիաշվիլին և Նինո Ծուլայան։

Տեսահոլովակում մասնակցել են «Երիսիոնի» երգի և պարի պետական անսամբլի պարողները, ինչպես նաև Գիա Ղանչելիի անվան Թբիլիսիի երիտասարդական նվագախումբը։

«Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ մայիսի 13-ին, 15-ին և 17-ին։

Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Շենգելիան եվրոպական լսարանի առջև ելույթ կունենա մայիսի 15-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում։

Մրցույթը, ավանդույթի համաձայն, ուղիղ եթերով հեռարձակելու է Առաջին ալիքը։

1tv.ge