Կրթությունը հաջողության բանալին է․ Մամզարայից Անահիտ Մանուկյանի պատմությունը

Կրթությունը հաջողության բանալին է․ Մամզարայից Անահիտ Մանուկյանի պատմությունը

«Երազանքդ դարձրու նպատակ, խոսքդ՝ գործ։ Մի հանձնվիր, և «չեմ կարող»-ը վերածիր «կարող եմ»-ի»: Մենք ինքներս ենք կառուցում մեր ապագան, ուրիշ ոչ ոք, բացի մեզնից»,- ասում է Անահիտ Մանուկյանը։

Անահիտ Մանուկյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում։ Սովորում է Մամզարայի հանրային դպրոցի 12-րդ դասարանում։ Ուսման մեջ ունի բարձր առաջադիմություն։ Անահիտը այս տարի դիմորդ է և ցանկանում է ուսումը շարունակել Իլիայի պետական համալսարանում՝ լեզվաբանության բաժնում։ Եվ հիմա ողջ ռեսուրսները ներդնելով մաթեմատիկայի պարապմունքներում՝ նպատակ ունի բարձր բալեր հավաքել։

NOR ռադիոկայանի հետ զրույցում Անահիտը նշեց, որ 2021 թվականից սկսած մասնակցում է տարբեր կրթական ծրագրերի, ճամբարների, վեբինարների և զբաղվում է կամավորությամբ։ 2021 թվականին եղել է ՋԱՀ-ի կամավոր և անտեղից է սկսել նոր ծանոթություններ ձեռք բերել։

2022-2024 թվականներին Նինոծմինդայում հանձնել է անգլերեն լեզվի քննություն և, հաղթահարելով անցողիկ շեմը, դարձել է «Access» ծրագրի ուսանող։ Մասնակցելով այս ծրագրին՝ Անահիտին ընձեռնվել է զարգացնել լեզվի հմտությունները։ 2023 թվականին CENN-ի կողմից կազմակերպված 10-օրյա ճամբարում ևս իր մասնակցությունն է ցուցաբերել։ Դրա հետ մեկտեղ նա 2023 թվականից հանդիսանում է ՄԵՄ (Մարզերի երեխաները մարզերում) ՀԿ-ի ակտիվ կամավոր։ 2023 թվականի ամռանը Հայսատանում մասնակցել է «Քայլ դեպի տուն» 13-օրյա ճամբարին։

Վերջերս մասնակցել է «Հզոր համայնք 4» միջոցառմանը Երևանում, որը հնարավորություն է տվել ծանոթանալ նոր խոսնակների հետ, մասնակցել նեթվորքինգի և օգտակար ու հաճելի օր անցկացնել։

«Կամավորությունը ինձ համար շատ կարևոր է, քանի որ այն ընձեռում է ինքնազարգացման և աճի լայն հնարավորություններ։ Տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ փափուկ և կոշտ հմտություններ»,-նշեց Անահիտը։

Տարբեր ծրագրերի ակտիվ մասնակցություն ցուցաբերելը մեծ հնարավորություններ է տվել Անահիտին՝ կապերի, գիտելիքների, հմտությունների, ինքնաճանաչման և պայքարող տեսակ լինելու առումներով: «Այդ ընթացքում կողքիս են եղել ու անսահման մոտիվացիա են տվել ընտանիքիս անդամները և որոշ ընկերներ»։

Անահիտի անցած ճանապարհին դժվարություններ շատ են եղել, և նա վստահ է, որ դեռ կլինեն, քանզի հենց դրանք են մարդուն դարձնում ավելի ուժեղ և հնարավորություն տալիս ճանաչել ինքներս մեզ տարբեր կողմերից։

Այս ամբողջ ընթացքում նա բախվել է բազմաթիվ մարտահրավերների, բայց անկոտրում ու համառ լինելու շնորհիվ կարողացել է քայլ առ քայլ հաղթահարել դրանք։ «Ծնվելով ու ապրելով փոքր գյուղում՝ դժվարություններ եմ ունեցել տարբեր օֆֆլայն ծրագրերի մասնակցելու հարցում։ Հաճախ առաջացել են տրանսպորտային խնդիրներ, երբեմն դժվար է եղել ծնողներից թույլտվություն ստանալը»։

Շատ դժվարություններ հաղթահարելով՝ Անահիտը կարողացել է հասնել այն հաջողություններին, որոնց մասին մի քանի տարի առաջ նույնիսկ երազել չէր կարող։ «Չեմ դժգոհում դժվարություններից, որովհետև հենց դրանց շնորհիվ եմ սովորել լինել համառ, չհանձնվել, չսպասել օգնության, այլ գործել, օգտվել հնարավորություններից, լինել աշխատասեր ու նպատակասլաց»։

Անահիտը երազկոտ մարդ է, ունի բազում նպատակներ, որոնցից կարևորներն են` ավարտել համալսարանը, դառնալ լավ մասնագետ ու կայացած անհատ, ճանապարհորդել ծանոթանալով տարբեր երկրների մշակույթներին, նաև նպատակ ունի փոխանակման ծրագրով երկարաժամկետ սովորել արտասահմանում, քանզի գիտակցում է, թե ինչ լայն հնարավորություններ կտա այն և ինչպես կնպաստի անձնային աճին: «Նպատակներիս հասնելու ճանապարհին փորձում եմ ոչ մի հնարավորություն բաց չթողնել և մասնակցել հնարավորինս շատ նախաձեռնությունների ու ծրագրերի»։

Անահիտը ունի երկու մեծ նպատակ։ Առաջինը՝ մնալ, աշխատել, ապրել Թբիլիսիում, ապացուցելով, որ գյուղում ծնված ու մեծացած աղջիկները նույնպես կարող են ջանքեր գործադրելով և դժվարությունների միջով անցնելով հասնել հաջողության, լինել անկախ՝թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Երկրորդը հնարավորինս աջակցել գյուղերի երեխաներին, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չունեն համապատասխան պայմաններ զարգանալու համար։

Մեզ հետ զրույցում Անահիտը նշեց, որ գյուղերը դատարկվում են հենց հնարավորությունների բացակայության պատճառով։ «Չեմ ցանկանա, որ ապագա սերունդը բախվի այն դժվարություններին, որոնց ինքս եմ բախվել ու շարունակում եմ բախվել: Հավատում եմ, որ ամեն օրվա կատարած փոքր քայլերով կարելի է հասնել մեծ նպատակների»։

Անահիտը երիտասարդներին խորհուրդ է տալիս երազել ու չվախենալ իրենց երազանքը նպատակ դարձնելուց, չսպասել, որ որևէ մեկը իրենց փոխարեն քայլեր կանի, այլ իրենք նախաձեռնեն ու կենտրոնանան այն քայլերի վրա, որոնք տանում են դեպի մեծ նպատակ։ Հարկավոր է լինել համառ, աշխատասեր և վստահել սեփական ուժերին։

«Խորհուրդ եմ տալիս ռացիոնալ օգտագործել իրենց ժամանակը ու քայլեր անել ապագան ճիշտ կառուցելու ուղղությամբ»,-ասաց Անահիտը՝ հավելելով, որ երբեք չհանձնվել դժվարությունների առաջ, քանի որ դրանք միայն ժամանակավոր խոչընդոտներ են, որոնք հաղթահարելուց հետո դուք կդառնաք ավելի ուժեղ, ինքնավստահ և պատրաստ նոր մարտահրավերների։