Չինական ընկերությունը պլանավորում է սկսել թռչող մեքենաների արտադրությունը

Չինական ընկերությունը պլանավորում է սկսել թռչող մեքենաների արտադրությունը

Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական XPeng Motors-ը պլանավորում է հաջորդ տարի սկսել թռչող մեքենաների արտադրությունը։

Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ընկերության խորհրդի նախագահ Խե Սիապոն։

Նա ասաց, որ մեքենայի վարման համակարգը ներառում է AI տեխնոլոգիաներ:

Ներկայումս ընկերության դիզայներներն աշխատում են մեքենայի անվտանգության և հարմարավետության մանրամասների օպտիմալացման վրա։

«2026 թվականին XPeng-ը նախատեսում է գործարկել ինքնուրույն թռչող մեքենայի առաջին զանգվածային արտադրությունը, որը մենք անվանում ենք «ցամաքային ավիակիր», – ասում է Սիապոնը։

Բացի թռչող մեքենաներից, XPeng-ը նախատեսում է մեծ ներդրումներ կատարել մարդանման ռոբոտների մշակման և զանգվածային արտադրության մեջ: Ներդրումների ծավալը կարող է հասնել 100 միլիարդ յուանի (13,8 միլիարդ դոլար):

Xpeng-ը սկսել է մարդանման ռոբոտներ մշակել 2020 թվականին։ Ընկերությունն իր առաջին մոդելը՝ Xpeng Iron-ը ներկայացրեց 2024 թվականի նոյեմբերին, որը դարձավ նմանատիպ մոդելի՝ Tesla Optimus-ի մրցակիցը։ Xpeng-ի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը կշարունակի աշխատել մարդանման ռոբոտների ոլորտում առնվազն առաջիկա 20 տարիներին։

Ընկերության նորություններով Xpeng-ի բաժնետոմսերը Հոնկոնգի ֆոնդային բորսայում աճել են 9,19%-ով՝ հասնելով իրենց ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հուլիսից ի վեր: Ընկերության բաժնետոմսերը կրկնապատկվել են 2025 թվականի սկզբից։