
Այս տարի Հյուսիսային կիսագնդում գարնանային կամ մարտյան գիշերահավասարի օրը մարտի 20-ին է, Երևանի ժամանակով 13։01-ին: Այսօր Արևը հատելու է հասարակածը՝ անցնելով Հարավային կիսագնդից դեպի հյուսիսային կիսագունդ:
Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը
Գարնանային, ինչպես նաև աշնանային գիշերահավասարը այն պահն է, երբ երկրի կիսագնդերից ոչ մեկը թեքված չէ դեպի Արևը: Արևը գտնվում է հասարակածի վերևում, և երկու կիսագնդերն էլ ստանում են գրեթե հավասար քանակությամբ արևի լույս: Գարնանային գիշերահավասարից հետո համապատասխան կիսագունդը (Հյուսիսայինը՝ մարտին, իսկ հարավայինը՝ սեպտեմբերին) ավելի մոտ է թեքվում Արևին, ինչը հանգեցնում է ցերեկային ժամերի ավելացման, ավելի վաղ արևածագերի և ավելի ուշ մայրամուտների։
Ամեն տարի գարնանային գիշերահավասարի ամսաթիվը փոխվում է, այն սովորաբար ընկնում է մարտի 19-ից 21-ը ընկած ժամանակահատվածում: Այս տարի մարտի 20-ին արևը կգտնվի Ձկներ համաստեղությունում։ Գարնանային գիշերահավասարի օրվանից այն կբարձրանա հյուսիս-արևելքում, իսկ մայր կմտնի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային կիսագնդում ցերեկային ժամերը կսկսեն երկարել, իսկ գիշերը՝ կարճանալ։