
Մանկուց մեծ կարևորություն եմ տվել կրթությանը և միշտ հավատացել եմ, որ ճիշտ մասնագիտության ընտրությունը կարող է որոշիչ լինել մարդու կյանքի որակի համար։
Մարիաննա Խաչատուրյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում։
2018 թվականին ավարտել է գյուղի հանրային դպրոցը և ընդունվել Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան։ Սկզբնական փուլում` մեկ տարի, ուսանել է նախապատրաստական կուրսում, որից հետո ընտրել է ուսուցչի մասնագիտությունը։
Մարիաննան ասում է, որ ուսանողական տարիները լի են եղել փորձություններով։ Մինչ նոր միջավայրին և կրթական համակարգին հարմարվելը, պետք էր հաղթահարել լեզվական բարդությունները։ Սակայն այդ ամենը չի խանգարել Մարիաննային գերազանց առաջադիմություն ցուցաբերելուն։ Նա իր ամենամեծ ձեռքբերումներից է համարում համալսարանի ավարտական կարմիր դիպլոմը, որը ստացել է մեծ հպարտությամբ։
«Միշտ վստահ եմ եղել, որ դպրոցն ու ընտանիքը վճռորոշ դեր ունեն անհատի ձևավորման հարցում։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև նպաստում է աշակերտի մտածողության ու արժեքների ձևավորմանը։
Ուսուցչական գործը խորապես ուսումնասիրելիս ավելի եմ համոզվել, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Իհարկե, եղել են բարդություններ, հատկապես համավարակի ժամանակ, երբ ստիպված էի հարմարվել հեռավար ուսուցման նոր իրականությանը։ Բայց ես հավատում եմ, որ ուսանողն ու ուսուցիչը պետք է միշտ ձգտեն կատարելագործվել՝ մասնակցելով տարբեր ծրագրերի ու խորացնելով իրենց գիտելիքները»,- ասաց Մարիաննան ։
Ուսման երկրորդ տարվանից նա սկսել է աշխատել՝ զուգահեռ շարունակելով ուսումը։ Նա իր առաջին աշխատանքային փորձը ձեռք է բերել American Language Center-ում, որտեղ դասավանդել է վրացերեն օտարերկրյա երիտասարդներին։
2021 թվականին նույն կենտրոնի աջակցությամբ Մարիաննան նախաձեռնում է ամառային ճամբարներ Մամզարա և Հեշտիա գյուղերում։ Դա մեծ փորձ էր իր համար, քանի որ հնարավորություն է ստանձնել կրթական ծրագրերի միջոցով աջակցել իր համայնքին։
Այնուհետև համագործակցել է տարբեր լեզվի կենտրոնների հետ։ 2023 թվականին նա աշխատում է Թբիլիսիիում՝ «Ուսուցչի տանը», ինչպես նաև ընդգրկվում ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի և Գուդավաձե-Պատարկացիշվիլիի հիմնադրամի համատեղ ծրագրում՝ որպես կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի։
«Հետագայում հնարավորություն ստացա դասավանդելու «Կովկասիոնի» հանրային քոլեջում, որտեղ օգնում էի ուսանողներին զարգացնելու վրացերենի իմացությունը, հեշտացնելու նրանց ինտեգրումը հասարակության մեջ։
Փորձելով տարբեր ոլորտներ՝ որոշ ժամանակ աշխատեցի «Սիլք» բանկում որպես մենեջեր, սակայն հասկացա, որ իմ իրական կոչումը մնում է կրթության ոլորտում։ Կրթության ոլորտում իմ աճը միշտ ուղեկցվել է ինքնակատարելագործմամբ։ Հաճախ մասնակցել եմ վերապատրաստումների՝ խորացնելով իմ մասնագիտական հմտությունները»,- ասում է Մարիաննա Խաչատրյանը։
Ներկայումս Մարիաննան աշխատում է Վրաստանի ազգային արխիվում, որտեղ զբաղվում է պատմական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բայց միաժամանակ շարունակում դասավանդել Georgian-Armenian Community-ում։
Ինչ վերաբերում է գյուղ վերադառնալուն, Մարիաննան NOR-ի հետ զրույցում պատասխանեց. «Մտածել և որոշել եմ, որ գործունեությունս կշարունակեմ հայրենի գյուղում, քանի որ ես իմ տեղը համարում եմ իմ ծննդավայրում, քանզի իմ գիտելիքները և փորձը այնտեղ ավելի շատ են հարկավոր և արժեքավոր»։