ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ընտրանու նկատմամբ

ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ընտրանու նկատմամբ

Թբիլիսիում Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո երկրպագուների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ընտրանու նկատմամբ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լեւան Կոբիաշվիլին:

Երկու երկրների հավաքականների հանդիպումից հետո հայ երկրպագուների տրիբունաների ուղղությամբ վրացիները պլաստիկ շշեր են նետել:

«Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին եւ մեր երկրի միջազգային հեղինակությանը: Այդ միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների պատճառ դառնալ, ինչի արդյունքում կտուժեն մեր ազգային հավաքականը եւ  վրացական ֆուտբոլի երկրպագուները»,- գրել է Կոբիաշվիլին։

Ֆեդերացիայի ղեկավարն այդ միջադեպն անընդունելի է անվանել. «Այս միանգամայն անընդունելի արարքով վիրավորեցինք հյուրերի երկրպագուներին եւ միաժամանակ թույլ չտվեցինք մեր հավաքականին հաղթանակը տոնել հավատարիմ երկրպագուների հետ»։