Կախա Կալաձեն սկսում է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը

Կախա Կալաձեն սկսում է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը՝ հղում կատարելով «SOVA»-ին: «Վրացական երազանքը» քաղխորհրդի նիստի ընթացքում ներկայացրել է կուսակցության թեկնածուին: Արդեն պարզ է նաև, որ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական արշավին:

Ի դեպ, իշխող կուսակցության քաղխորհրդի նիստն ուղեկցվել է բողոքի ակցիայիով: Հունվարին հրդեհված «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի տուժած առևտրականները Կալաձեի հետ հանդիպում են պահանջել և սպառնացել՝ ցույցեր կկազմակերպեն: Տուժածների շահերը ներկայացնող փաստաբան Պրիդոն Սուխիշվլիի խոսքով՝ Կալաձեն բարոյական իրավունք չունի լինել Թբիլիսիի քաղաքապետ, քանի որ փոխվարչապետ լինելով՝ նա քաջություն չունեցավ դուրս գալ տուժած առևտրականների մոտ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին: Ստույգ օրը հայտնի կդառնա օգոստոսին: Օրը կորոշվի նախագահի կողմից՝ վարչապետի հետ համաձայնեցվելուց հետո: Այս պահին պաշտոնապես թեկնածուներին ներկայացրել է երկու կուսակցություն՝ առաջինն իր թեկնածուին ներկայացրեց «Եվրոպական Վրաստանը»՝ Ելենե Խոշտարիա, օրերս «ՄԱՇ»-ը որպես թեկնածու ներկայացրեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին հաղորդավար Զաալ Ուդումաշվիլիին: Սպասվում է, որ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև քաղաքային խորհրդի (սակրեբուլո) անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին: Գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան բազմիցս արժանացել է ընդդիմության և հասարակական հատվածի քննադատությանը, իսկ վերջին սոցհարցման արդյուքները ցույց են տվել, որ նա իշխող թիմի ներկայացուցիչների շրջանում ունի ամենացածր վարկանիշը:

Փորձագետներն արդեն կանխատեսումներ են անում: Սոսո Ցինցաձեն այն կարծիքին է, որ ով էլ լինի թեկնածու, միևնույնն է, հաղթելու է իշխող թիմի ներկայացուցիչը:



Opinion, pooling and voting