500 լարի տուգանք հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար

500 լարի տուգանք հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից այսօր կատարված տուգանումների փաստով:

Մեր տվյալներով, Վրաստանի մի շարք քաղաքացիներ, ովքեր ունեն հայկական վարորդական իրավունք, տուգանվել են 500 լարի գումարով:

Նինոծմինդա քաղաքի բնակիչը, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ այսօր իրեն կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը և, ստուգելով փաստաթղթերն ու վարորդական իրավունքը (վարորդական իրավունքը հայկական է եղել, իսկ ինքը՝ Վրաստանի քաղաքացի), տուգանել են 500 լարի գումարով՝ բացատրելով, որ վարորդական իրավունքը անվավեր է ճանաչված համաձայն ուժի մեջ մտած նոր օրենքի:

Ավելի ուշ պարզեցինք, որ նա միակը չէ, որ տուգանվել է:

Նինոծմինդայի բնակչությունը անհանգստացած է, քանի որ մինչ այժմ հայկական վարորդական իրավունքներով երթևեկում էին առանց որևէ խնդրի: Նինոծմինդա քաղաքի կենտրոնում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ և քննարկում կատարվածը՝ նշելով. ՛՛Մեզ ոչ ոք նախապես չի զգուշացրել այս մասին, մենք չգիտենք, որ նման օրենք է գործելու: Երեկ նման խնդիր չկար, իսկ այսօր բոլորին սկսել են տուգանել 500 լարիով, ինչ է կատարվու՞մ: Եթե նոր օրենք են ընդունում, ապա պետք է զգուշացնեն դրա մասին: Այնինչ ոչ մի տեղեկատվություն չի եղել մինչ օրս՛՛:

Փաստի առնչությամբ մենք զանգահարեցինք ոստիկանության մամլո ծառայություն, որտեղ մեզ պատասխանեցին, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել:

Նոր ռադիոն կհետևի իրադարձությունների զարգացմանը և կտրամադրի թարմ տեղեկատվություն:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting