Նինոծմինդայից դեպի «Emirates» ավիաընկերություն ․Վարդուհի Սահակյանի պատմությունը

Նինոծմինդայից դեպի «Emirates» ավիաընկերություն ․Վարդուհի Սահակյանի պատմությունը

Վարդուհու պատմությունը սկսվում է Նինոծմինդայից, շարունակվում է Երևանում, ապա հասնում է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արտաքուստ սահուն ու ուղիղ ճանապարհ, բայց իրականում՝ տարիների աշխատանք, հետևողականություն և նվիրում։

Վարդուհի Սահակյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայում։ Միջնակարգ կրթություն ստացել է Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում։ Նա նպատակ է ունեցել ստանալ բարձրագույն կրթություն և չնայած կորոնավիրուսի համաճարակի ժամանակ առաջացած դժվարություններին՝ տեղափոխվել է Երևան՝ ուսումը շարունակելու։

NOR ռադիոկայանի հետ զրույցում Վարդուհին նշեց, որ բարձր բալերով 2020 թվականին ընդունվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետ, որտեղ սովորել է չորս տարի։ Համալսարանը ավարտել է 2024 թվականին։ Ուսանողական տարիներին առանձնացել է նպատակասլացությամբ ու պատասխանատվությամբ, ինչի շնորհիվ հաջողությամբ ավարտել է ուսումը։

«Ես միշտ հավատացել եմ, որ կրթությունը հաջողության գրավականն է, բայց միայն դասընթացներին ներկա գտնվելը բավական չէ։ Պետք է սովորել ավելին, քան պահանջում են քեզնից»,-նշեց Վարդուհին NOR-ի հետ զրույցում։

Բացի ակադեմիական կրթությունից, սովորել է նաև անգլերեն և ֆրանսերեն, որոնք հետագայում մեծապես օգնել են մասնագիտական գործունեության մեջ։ Համալսարանը տվել է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն՝ ձեռք բերելու գործնական փորձ, ինչը կարևոր դեր է խաղացել մասնագիտական կայացման ճանապարհին։ Միայն բարձրագույն կրթությունը բավարար չէր: «Մասնագիտական աճն ու զարգացումը շարունակական են»,-ասաց նա։

Վարդուհին NOR-ին հայտնեց, որ ակտիվորեն մասնակցել է զբոսաշրջության, սպասարկման և օտար լեզուների հետ կապված տարբեր դասընթացների, որոնք լրացրել են համալսարանական կրթությունը։ Նա նաև անցել է մասնագիտական պրակտիկա, ինչը մեծ առավելություն է տվել աշխատանքի ընդունվելիս։ Առաջին աշխատանքը սկսել է որպես զբոսավար՝ Երևանում։ Այդ փորձառությունը կարևոր էր՝ օգնելով հմտանալ տարբեր ազգությունների մարդկանց հետ շփման, իրավիճակների կառավարման ու պրոֆեսիոնալիզմի զարգացման մեջ։

«Երբ զբոսավար դարձա, հասկացա, որ միայն գիտելիքը քիչ է, պետք է նաև կարողանալ շփվել, մարդկանց հասկանալ, նրանց պահանջները զգալ»,-նշեց Վարդուհի Սահակյանը։

Տարիների փորձի արդյունքում այժմ Վարդուհին ոչ միայն զբոսավար է, այլև տուր օպերատոր, ով կազմակերպում է տուրեր Հայաստանում։ Սա ևս մեկ կարևոր ձեռքբերում է, քանի որ հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի մշակույթն ու գեղեցկությունը միջազգային հանրությանը։

Սակայն նրա հետաքրքրությունները միայն զբոսաշրջությամբ չեն սահմանափակվում։ Ավիացիան մշտապես գրավել է նրան։ Համալսարանական կրթության շրջանակում ուսումնասիրել է սպասարկման ոլորտը և օդանավակայանի աշխատանքը, թռիչքները, ավիաընկերությունների գործունեությունը մշտապես հետաքրքրություն են առաջացրել։ Սկզբում նպատակ ուներ աշխատելու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն առաջին հնարավորությունը բացվել է զբոսավարի աշխատանքով։

Ավիացիայի ոլորտ մտնելու առաջին մեծ քայլը եղել է Emirates ավիաընկերության մասին տեղեկանալը։ Տեսնելով, որ սա համաշխարհային ճանաչում ունեցող ավիաընկերություն է, որտեղ աշխատանքը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, որոշել է մասնակցել ընդունելության գործընթացին։ Emirates-ն անցկացնում է բաց օրվա միջոցառումներ, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել, եթե համապատասխանում է ընկերության պահանջներին։ Վարդուհին հաջողությամբ անցել է բոլոր փուլերը։

«Երբ իմացա, որ Emirates-ը բաց օր ունի, առանց երկար մտածելու գնացի։ Չգիտեի՝ կընտրվեմ, թե ոչ, բայց գիտեի, որ պետք է փորձեմ»,-հավելեց նա։

Վարդուհին նշեց, որ Emirates-ում աշխատանքի ընդունվելը հեշտ չէ։ Անհրաժեշտ են խիստ չափանիշներին համապատասխան հմտություններ, մասնավորապես՝ անգլերենի բարձր մակարդակի իմացություն, սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ և պրոֆեսիոնալիզմ։ Արտաքին տեսքը ևս դեր ունի, սակայն առաջնայինը թեկնածուի աշխատելու ունակություններն ու մոտեցումն են։

Ներկայումս Վարդուհին անցնում է Emirates-ի վերապատրաստման ծրագիրը, որը տևում է մոտ երկու ամիս։ Այս ժամանակահատվածում անձնակազմը պատրաստվում է ավիացիոն անվտանգության, սպասարկման, ուղևորների հետ աշխատանքի նրբություններին։ Աշխատանքը բարդ է՝ պահանջելով երկարատև թռիչքների ժամանակ կենտրոնացում և պրոֆեսիոնալիզմ։ Նման միջավայրում անձնակազմը ընկերության դեմքն է, և յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է ներկայացնել Emirates-ի բարձրակարգ սպասարկման մշակույթը։

«Սա հեշտ գործ չէ։ Պետք է 16-ժամյա թռիչքի ընթացքում միշտ լինել կենտրոնացած, ժպտալ, պատրաստ լինել ցանկացած իրավիճակի։ Բայց ես գիտեի, թե ինչի համար եմ այսքան աշխատում»,-նշեց NOR-ի հետ զրույցում Վարդուհի Սահակյանը։

Վարդուհու համոզմամբ՝ հաջողության հասնելու բանալին շարունակական ինքնակատարելագործումն ու համառությունն են։

«Հավատա, գործիր, հաղթիր»։ Այս սկզբունքը նա կրում է իր ողջ մասնագիտական ուղու ընթացքում։ Միշտ բաց է նոր հնարավորությունների համար, քանի որ հավատում է, որ կյանքը դրանք պարբերաբար ընձեռում է, պարզապես պետք է պատրաստ լինել դրանք օգտագործել։