
«Տարեցներին պարեցնում եմ, որպեսզի այն պարերը, որոնք մոռացության են մատնվել նորից վերականգնեմ և սովորեմ դրանք և ես էլ իմ սերունդներին փոխանցեմ, այն պարերը որոնք դարեր շարունակ մեր նախնիներն են պարել»։
Վլադ Նազարեթյանը ծնվել է 2006 թվականին, Ախալցխայի շրջանի Օրալ գյուղում, Նազարեթյանների փոքրիկ ընտանիքում։ Նախ հաճախել է Օրալ գյուղի 4-ամյա տարրական դպրոց, այնուհետև շարունակել և ավարտել է Փ. Պամաճի հանրային դպրոցը։
Վլադը դպրոցը ավարտել է 2024 թվականին և ընդունվել Թբիլիսիի Իլիայի պետական համալսարան։ Պարով սկսել է զբաղվել 2018 թվականից և այնքան է սիրել ազգային պարը, որ այժմ առանց ազգային պարի չի պատկերացնում իրեն։
Պարել է Ախալցխայի «Հայք» պարի համույթում, ուսման նպատակով Թբիլիսի տեղափոխվելուց հետո ընդունվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» ազգագրական պարի համույթ և այժմ էլ շարունակում է պարել այնտեղ։ 2022 թվականին գյուղում հիմնում է Օրալի ազգագրական երգի-պարի համույթը։
Երիտասարդ պարողը մտածում է, որ յուրաքանչուր հայի պարտքն է պահել, պահպանել և տարածել ազգայինը։ Եվ իր նպատակն է այն մշակութային արժեքները` հատակպես ազգային երգ-պարերը, որոնցից հեռացել է իր ժողովուրդը, նորից վերադարձնել կյանք, որոնք մարդկանց ինքնության նկարագիրն են։
Շատ սիրելով պարը՝ Վլադը սկսում է զբաղվել ոչ միայն պարով, այլ նաև սկսում է ուսումնասիրել այդ պարերի պատմությունը, ինչպես նաև ուսումնասիրում է ազգագրություն։ Գյուղի ծերերից հետաքրքրվում է, թե ինչ պարեր են պարել, երբ են պարել, հիմնականում որ տոնին, ինչպես են տոնել տոները, այսինքն ինչպիսին է եղել իրենց նախնիների կենցաղավարությունը։
Նա ասում է, որ եթե սիրով ես անում յուրաքանչյուր գործ դժվարին ոչինչ չկա։ Չնայած նրան, որ գյուղում հեշտ է զբաղվել պարային գործունեությամբ և խումբ պահել, մանավանդ ազգագրական, հաշվի չառնելով փոքր դժվարությունները, ժողովուրդը ինքն է ուզում վերադառնալ իր արմատներին, ոգևորում քեզ և այդպիսի պայմաններում ուղղակի չես կարող չոգեշնչվել և արհամարելով այդ փոքրիկ դժվարությունները քրտնաջան աշխատել ազգայինը պահպանելու և տարածելու գործում։
«Հռիփ մամը` 78 տարեկան է և ավելի քան կես դար չէր պարել, սակայն հիշեց և այնպիսի եռանդով պարեց, ինչպես 50 տարի առաջ Բարեկենդանին Նազարեթենց երդիկներուն կպարեր։ Ես պարեցի նրա հետ և այնպիսի զգացողություն էր, կարծես ժամանակի միջով տեղափոխվեցի անցյալ։ Պարեցինք “Ետ ու առաջ”-ի մեր գյուղի տարբերակը, Կալոսի պռկեն, Քոչարին, Հռիփ մամը պարեց Թարաքյամին(Ուզունդարան), իսկ վերջում խոսեցինք, թե ինչպես են հնում նշել տոները, որ ճաշատեսակներն էին պարտադիր այդ տոներին, դրանց պատրաստման գաղտնիքների մասին և այլն։ Նաև հավաքագրում եմ գյուղի հին զրույցները և կենցաղային իրերի հավաքածու ունեմ։ Պահպանենք այն անգին մշակութային արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից»,- ասում է Վլադը ։
Վլադ Նազարեթյանը NOR ռադյոկայանին տված հարցազրույցում նաև նշեց, թե ինչպես 1830 թվականին նախնիները Էրզրումից գաղթելով, իրենց հետ են բերում Էրզրումի պարերը, երգերը, ավանդույթները, բարբառը, որոնք պահպանելով սերնդեսերունդ հասցնում մինչև մեզ։ Նախնիներից իրենց է հասել Կարնո բացառիկ պարանմուշներ, որոնք մինչև այսօր հիշում և պարում են Ախալցխայի որոշ գյուղերում։ Օրալ գյուղում որոշ պատճառներով ավելի քան կես դար մոռացության են մատնվել այդ պարերը, սակայն այժմ մեծ հպարտությամբ Վլադը ասում է, որ ինչպես հնում, այնպես էլ այսօր, գյուղում յուրաքանչյուր միջոցառում ուղեկցվում է իրենց ավանդական Կարնո պարերով։
Նա նաև NOR-ին պատմեց, որ գյուղում տարեցներ ցավոք սրտի շատ քիչ են մնացել, որոնք կխոսեն, սակայն այդ քչերի շարքում կան այնպիսինները, որոնք դեռևս հիշում են մեծերից լսած պատմությունները, ավանդույթները, պարերը։
Տեսանյութ․